ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին իր կարծիքն է հայտնել ներկայիս վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի՝ «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի դուրս եկող մարդկանց նկատմամբ ունեցած դիրքորոշման վերաբերալ:
Խոդորկովսկին համոզված է, որ կառավարության ղեկավարի կարծիքով՝ ցուցարարները կամ «անցորդներ են, կամ արևմտյան հատուկ ծառայությունների վարձկաններ, կամ քաղաքի խելագարները»: Խոդորկովսկու կարծիքով՝ այդ «թշնամիները» վտանգավոր են Պուտինի համար այնքանով, որ դրանք կխանգարեն իրեն առաջին փուլով ընտրվել նախագահական ընտրություններում:
Ընդ որում, առաջին փուլով ընտրվելը Պուտինի համար կարևոր է, քանի որ հակառակ դեպքում Պուտինի շրջապատում կսկսեն կասկածել նրա հնարավորություններին,- հայտարարել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը The News Times պարբերականին տված հարցազրույցում:
Բացի այդ, Խոդորկովովսկին ենթադրել է, որ Պուտինը «դեռ նոր ընդդիմությանը լուրջ չի վերաբերվում»: Գործարարի խոսքերով՝ ցուցարարներին իշխանության հետ բանակցությւոններում կարող են ներկայացնել միայն նրանք, ովքեր ներկա ընտրությունների մասնակիցներ չեն, օրինակ՝ Ալեքսեյ Նավալնին, Եվգենիա Չիրիկովան, Սերգեյ Ուդալցովը և Բորիս Ակունինը:
«Նոր Պուտինը հնի դեմ» իրավիճակը դեժավյու է, որը ոչ մեկին անհրաժեշտ չէ: «Երկրին անհրաժեշտ է համագործակցության նոր քաղաքական փիլիսոփայություն՝ արխայիկի փոխարեն: «Առաջնորդները՝ ոչ հին, ոչ նոր, Ռուսաստանին այլևս պետք չեն»,-ասել է նա:
Ձեռնարկատիրոջ խոսքերով՝ ընդդիմության ռազմավարությունը պետք է դառնա «ոչ բռնի բողոքի էսկալացիան, ընդհուպ մինչև բոլոր պահանջների իրականացում», իսկ մոտ նպատակը՝ «նախագահի ազատ ընտրությունները երկրորդ փուլով»:
Խոդորկովսկին ավելացրել է, որ իշխանության հետ համագործակցությունն անթույլատրելի է միայն «իշխանության կողմից անօրինական բռնության աջակցության դեպքում»: Իսկ անօրինական է այն բռնությունը, որը հակասում է Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների կոնվենցիային: Խոսելով իշխանության հետ երկխոսության մասին՝ Խոդորկովսկին նշել է, որ կառավարությունն առայժմ չի անցել այն սահմանը, որից այն կողմ այլևս հնարավոր չեն բանակցությունները:











































