Հայաստանի զինուժի 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր համերգին, որ կազմակերպվել էր մարզահամերգային համալիրում, ներկա էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կարծես թե սկսել է հաճախ ներկա գտնվել հրապարակային արարողություններին, ինչից մի ժամանակ խուսափում էր: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց մասնակցել 2011 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության 20-ամյակի տոնակատարությանը, ռազմական շքերթին: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին չէին նաև Արցախի անկախության քսանամյակի տոնակատարությանը:
Բայց վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ է, որ երկրորդ նախագահը մասնակցում է հրապարակային արարողության՝ Սերժ Սարգսյանի հետ միասին: Շաբաթներ առաջ նա մասնակցեց Հայաստանի մարզիկների մեծարման արարողությանը, որը կազմակերպել էր Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դրան մասնակցեց նաև Սերժ Սարգսյանը: Այսպիսով, վերջին ժամանակներում արդեն երկրորդ դեպքն է, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Սերժ Սարգսյանի հետ հրապարակային միջոցառման:
Ինչի մասին է խոսում սույն փաստը: Երևի թե անկասկած է, որ Քոչարյանի այդ որոշումները ամենևին պատահականություն կամ ընդամենը անձնական նախընտրության արդյունք չեն, այլ կրում են ակնհայտ քաղաքական ենթատեքստ: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ: Հետաքրքրական է, որ Քոչարյանը վերսկսել է հրապարակային հանդիպումներին իր մասնակցությունը նախընտրական շրջանի թեժացմանը զուգահեռ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կա՛մ այդպիսով փորձում է համակարգին հիշեցնել իր մասին՝ հոգեբանորեն ազդելով համակարգի վրա և ազդեցություն ձեռք բերել նաև Սերժ Սարգսյանի համակարգային վարկանիշի և հեղինակության, հետևաբար՝ գործողությունների վրա, կա՛մ էլ Քոչարյանը նախընտրական շրջանում այդպիսով ցույց է տալիս, որ առնվազն այս փուլում ինքը համակերպվել է Սերժ Սարգսյանի առաջատարությանն ու առաջնորդությանը և մտադիր չէ վիճարկել դա խորհրդարանի ընտրությունների ընթացքում:
Թե հատկապես որ ենթատեքստն է իրականում առկա Ռոբերտ Քոչարյանի գործողություններում՝ թերևս, ժամանակի ընթացքում շատ ավելի տեսանելի կլինի, ինչը Քոչարյանը գուցե ցույց կտա առավել ուղղակիորեն՝ իր կարծիքը, վերաբերմունքը կամ տեսլականը ներկայացնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:





































