Ռուսաստանը հայտարարում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառվող՝ Սիրիայի հարցով ներկայացված եվրա-արաբական բանաձևը անընդունելի է, սակայն «Մոսկվան պատրաստ է բանակցել դրա շուրջ»։
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի հայտարարության՝ տեքստում անտեսված է «այն կարմիր գիծը», որը նշում է իրականացվելիք գործողությունների ու ծրագրերի սահմանները, այդ թվում՝ զենքերի առևտրի վրա դրված բեռնարգելքը։
Բանաձևը պաշտպանում է իշխանությունը նախագահ Ասադից նրա տեղակալին հանձնելու Արաբական լիգայի ներկայացրած ծրագիրը, որի նպատակը մինչև ընտրությունները ազգային միասնության կառավարություն հիմնելն է։
Մինչդեռ այս ընթացքում բռնությունները Սիրիայում սաստկանում են։ Վերջին մի քանի օրերի ընթացքում սպանվածների թիվը հասել է 70-ի։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նյուլանդը հայտարարել է, թե ցանկալի չէ հրապարակային քննարկումներ սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ, ավելի հարմար է բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի շրջանակներում՝ այն ավելի ընդունելի տեսքի բերելու համար։








































