ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիգորի Բաղյանը արցախյան շարժման տարիներին ապրել եւ աշխատել է Հադրութում և ի պաշտոնե կազմակերպել տեղի բոլոր ջոկատների աշխատանքը: Այս մասին փոխնախարարը պատմեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում: Ըստ փոխնախարարի, իրենց մոտ եղել են Հայաստանից ժամանած 36 ջոկատներ, այդ թվում և՝ գեներալ Մանվելի ջոկատը: «Ծանր պայմաններում՝ գնդակոծության, գերեվարման և այլն, տղաները երբեք չեն կոտրվել, երբե՛ք: Մի անգամ 20 տոննայանոց ուղղաթիռը, որը օճառի անվան տակ լցված էր զենք-զինամթերքով, Հադրութում վայրէջք կատարեց: Այն ժամանակ պարեկային ժամ էր, ռուսներն էին վերահսկում, բայց մենք կարողացանք այդ ուղղաթիռն ամբողջությամբ իր նպատակին ծառայեցնել»,- վերհիշեց Գրիգորի Բաղյանը:
Իսկ բանակի օրվա հետ կապված նա ասաց. «Երբ հետադարձ հայացք ենք ձգում, մենք 90-ական թվականներին չունեինք հայկական մեկ զինվոր, մեկ զենք, բայց ստեղծվեցին ֆիդայական ջոկատներ, առավել ևս Ղարաբաղում ամեն մի ճյուղ իր պաշտպանական ջոկատը ստեղծեց: Դրանք հետո դարձան մեր բանակի ստեղծման հիմքը: Ցանկանում եմ առողջություն, հաջողություն, առավել ևս պատերազմական տարիների մեր այն ընկերները, որ այսօր չկան, շնորհակալություն հայտնել իրենց թափած արյան համար ու նրանց ընտանիքներին շնորհավորել, երբեք չպիտի մոռանանք նրանց: Մաղթում եմ խաղաղ երկինք»:









































