«Բանակը չպետք է ընկնի քաղաքական հակամարտությունների մեջ` իշխանություն, ընդդիմություն, բանակին պետք է դրանից զերծ պահել: Պետք է հպարտանանք, որ սահմանների վրա քիչ թե շատ վստահելի պահապաններ ունենք: Սակայն կողմ չեմ, որ բանակի մասին պետք է խոսել ամեն ինչ կամ ոչինչ, քանի որ այդ երևույթներին չանդրադառնալով, չմատնանշելով՝ դրանք մնում ու ավելի են խորանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արձակագիր, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:
Գրողը դեմ է բանակի նկատմամբ չարախոսությանը, ավելի կողմ է, որ բանակի թերությունները, արատները մատնանշվեն սիրով ու հոգածությամբ: Նրա խոսքով` խորհրդային բանակից Հայոց բանակին են փոխանցվել մի շարք արատավոր երևույթներ, որոնց գումարվեց նաև այն, որ «զորակոչիկները բանակ են գնում քուչայական, գողական «ռազբորկաների» հոգեբանությամբ ու պատկերացումներով»:
Ըստ Գ. Խանջյանի՝ այդ երկու արատավոր երևույթներն իրար գումարվելով տալիս են այն վատ հետևանքը բանակում, որ առկա է: Հենց դրա դեմ պետք է պայքարի հրամանատարությունը, միայն թե պետք է գիտակցի դրա հույժ կարևորությունը: «Այս երևույթներով պետք է լուրջ զբաղվել, քաղաքակիրթ շփումներ պետք է լինեն բանակում: Դա լինելու բան է, պարզապես պետք է անել ու հոգածությամբ վերաբերվել`սիրով ու ընդգծելով արատավոր երևույթները, որ դուրս բերվեն բանակից»,- ասաց գրողը: Ըստ նրա՝ այստեղ մեծ դեր և անելիք ունի նաև ընտանիքը:
Գրողի համոզմամբ` հեռուստատեսությունը «սուտ քուչայական, գողական ձևերը» ծաղրելու փոխարեն ավելի շատ գովազդում է այդ երևույթները: Այնինչ անհրաժեշտ է դրանով լուրջ զբաղվել, որ մեր բանակն ավելի քաղաքակիրթ դառնա իր շփումներում:
Հարցին` արդյոք մտահոգիչ չե՞ն բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, գրողն ասաց, որ դրանք ցավալի են, բայց անհրաժեշտ է համեմատել վիճակագրության հետ: «Կյանքում էլ են դժբախտ դեպքեր պատահում: Իհարկե, շատ ցավալի է, պետք է առավելագույնս նվազեցնել, հետևել, որ այդ դեպքերը չկրկնվեն: Եթե ես լինեի հրամանատարը, գիշեր-ցերեկ չէի քնի, որ իմ հրամանատարության տակ նման բաները բացառվեին: Չգիտեմ՝ այնտեղ ինչպես է արվում: Լավ կլիներ, որ այդպես արվեր»,- ասաց Գ. Խանջյանը:











































