Շվեյցարիայի հնագույն Wegelin & Co բանկը ԱՄՆ իշխանությունների` հարկերից խուսափելու հետ կապված հետաքննության պատճառով իր բիզնեսի մի մասը վաճառելու է Raiffeisen-ին: Այս մասին հայտնում է բանկի կայքը:
Ստեղծված իրավիճակում 1741 թվականին հիմնադրված բանկում համոզված են, որ առաջին հերթին անհրաժեշտ է պաշտպանել իրենց հաճախորդների ու աշխատակիցների շահերը: Հենց դրանով է Wegelin-ը բացատրում իր հաճախորդների մի մասին, ինչպես նաև կապիտալի ու ակտիվների տնօրինման ստորաբաժանումը Notenstein Private Bank կազմակերպությանը հանձնելը, որի սեփականատեր է դառնալու Raiffeisen-ը: Մնացած մասն էլ մնալու է Wegelin-ին` մինչև ամերիկացի հարկային մասնագետների հետաքննության ավարտը:
Գործարքի գինը չի հայտնվում: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները ենթադրում են, որ Wegelin-ը ստիպված էր համաձայնել գործարքին:
Հունվարի սկզբին հաղորդվում էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են դատի տալ Wegelin & Co-ին, որը զբաղվում է բացառապես մասնավոր կապիտալի վերահսկմամբ: Անցած ամիս շվեյցարական բանկի երեք աշխատակցի մեղադրել էին ԱՄՆ քաղաքացիների հետ համագործակցելու մեջ, որոնք միջոցները թաքցնում են հարկային ծառայություններից: Ըստ հետաքննության` կասկածյալները 2008-2009 թվականներից բացել են մի քանի գաղտնի հաշիվներ և հարուստ ամերիկացիներին առաջարկել իրենց միջոցներն այնտեղ փոխանցել:
Շվեյցարիայի և ԱՄՆ-ի միջև բանկային գաղտնիքների վերաբերյալ բանակցությունները վարվում են բարձր մակարդակով: ԱՄՆ իշխանությունները հնարավոր են համարում, որ Wegelin-ի նկատմամբ հետաքննությունը ձգձգվի:









































