Մեր բանակը հակառակորդին չի զիջում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով քսանամյա բանակից՝ նշեց Հատուկ նշանակության խմբի հիմնադիր, հրամանատար Վլադիմիր Վարդանովը:
Ըստ նրա` քսան տարի անց հայոց բանակը շատ ավելի լավն է, քան ԽՍՀՄ բանակը: Սակայն Վլադիմիր Վարդանովը կցանկանար ավելի զարգացած և մարտունակ բանակ տեսնել: «Վատ վիճակ չէ մեր բանակում: Մենք հակառակորդին չենք զիջում, բայց ավելին կարող էինք լինել: Հայն իր մենթալիտետով հրամանատար է, հետախույզները նույնպես հրամանատարներ են: Մեր հետախուզությունը շատ ավելի լավը կարող էր լինել, եթե ռուսական բանակի օրինակով կառուցած չլինեինք այն»,- ասաց բանախոսը: Ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել հայ մարդու գործոնը, պետք է քիչ նայել, թե ինչպես է ուրիշների մոտ եղել:
Նրա համոզմամբ` բանակում գլխավորը մարդն է, մարդն իր վրա է կրում զինվորական բոլոր ճյուղավորումները: Նա կցանկանար բանակի էլիտա տեսնել, բայց ԽՍՀՄ բանակից շատ ավելի լավ վիճակում ենք: Նա նշեց, որ ռուսները միշտ թուրքերին ավելի լավ են զինում: Նրա համոզմամբ` չի կարելի հույսը դնել չակերտավոր բարեկամ ռուսների վրա:
Անդրադառնալով հատուկ նշանակության խմբի ձևավորմանը`ասաց, որ այն ձևավորվել է 89 թվականի դեկտեմբերին, Վանո Սիրադեղյանի և Սամվել Շահինյանի հրամանով: «Վեց հոգի կենտրոնական հրամանատարության խումբն է եղել` պատերազմի ողջ ընթացքում: Ջոկատի անձնակազմը մտավ բանակ, մյուս մասը` ներգրավվեց քաղաքացիական աշխատանքներին: Ջոկատը զբաղվել է հետախուզությամբ և դիվերսիայով: Այնուհետև ձևավորվեց Վահրամ Պահլավունու ջոկատը Դիլիջանում: Ռազմական տեսակետից շատ դժվար է շփման գոտիներում պատշաճ պահպանություն կատարելը, դա կատարում էր ՎՊ ջոկատը»,- ասաց բանախոսը:








































