Թուրքիայում առանց համապատասխան թույլտվության աշխատող հայերի և վրացիների մեծ մասն այժմ զանգվածաբար և հարկադրված վերադառնում են։
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն»-ը, պատճառը թուրքական միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն են, որ զգալի դժվարացնում են կարգավիճակ չունեցող օտարերկրացիների երկարաժամկետ բնակությունը այդ երկրում:
Մինչ օրենքի փոփոխությունը շատերը Թուրքիայում մնալու համար իրենց եռամսյա տուրիստական վիզայի ժամկետի ավարտից հետո հատում էին սահմանը, ապա` անմիջապես վերադառնում, կրկին ստանում մուտքի արտոնագիր և շարունակում ապրել ու աշխատել երկրում: Այժմ, սակայն, օրենսդրական փոփոխությունից հետո, որ ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, նրանք երեք ամիս Թուրքիայում գտնվելուց հետո նոր վիզա ստանալու համար պետք է սպասեն առնվազն երեք ամիս: Իսկ թույլատրվածից ավելի մնալու դեպքում պետք է տուգանք վճարեն, ինչը շատ-շատերը չեն կարող իրենց թույլ տալ:
Hurriyet Daily News թուրքական պարբերականի հայազզի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն զրուցել է վերադարձողների հետ:
«Բավականին վախեցած են, և վախեցած են այստեղ (թույլատրվածից) ավելի մնացածները, որ փետրվարի 1-ին պարտավորված են լինելու տուրք տալ։ Այդ պատճառով էլ հիմիկվանից սկսել են Թուրքիայից դուրս գալ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է հայազգի լրագրողը։
«Այս վերջին օրերի ընթացքում բավականին հետդարձ կա դեպի Վրաստան, դեպի Հայաստան, մենք էլ ականատես եղանք։ Ասում են` «շատ քիչ դրամ ենք աշխատում այստեղ, և այդ գումարներով ջանում ենք հոգալ մեր երեխաների, մեր ընտանիքի ծախսերը», և բավականին վախենում են, թե նման ընթացքի դեպքում ինչ կկատարվի իրենց հետ, որովհետեւ բավական աղքատ ընտանիքներ ունեն` թե՛ վրացիները, թե՛ հայաստանցիները, Վրաստանի հայեր ևս կային, Վրաստանում բնակվող ադրբեջանցիներ։ Շատ վատ է իրենց վիճակը հիմա»,- ասել է Վերջիհան Զիֆլիօղլուն։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտել է Թուրքայի նոր միգրացիոն քաղաքականությունը` հայտարարելով, որ թուրքերը սկսել են իրագործել հայերին վտարելու իրենց սպառնալիքները։







































