«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
– 2011 թ. տնտեսական ցուցանիշները հրապարակվեցին, տնտեսական ակտիվությունը 5.9 % է ներկայացվում: Ի՞նչ դիտարկումներ ունեք:
– ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բավականին կասկածելի, նույնիսկ անլուրջ մոտեցում կա տնտեսական ցուցանիշների նկատմամբ: Լուրջ խնդրի առաջ ենք կանգնած՝ հավատալ-չհավատալ ցուցանիշներին: Եթե նույնիսկ որպես հիմք ենք ընդունում հրապարակված ցուցանիշները, տնտեսության վիճակն, իրոք, վատ է, ոչինչ չի ստացվում անել: Ընդհանուր կարծիքը մարդկանց մոտ այն էր, որ շատ լավ չի և շատ վատ չի, բայց ես կարծում եմ, որ պետք է հասկանալ, որ, իրոք, վատ է, նույնիսկ շատ վատ է: Արդեն 3-4-րդ տարին է, այս կառավարությունը չի կարողանում, այսպես ասած, թարազուի գցել տնտեսությունը:
Բացահայտորեն տեսնում ենք, որ աճ ունենք արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում: Արդյունաբերության աճը հանքերն են, նման աճը ժամանակակից աշխարհում չի ողջունվում: Հենց այս պատճառով է, որ բոլորը սկսում են կասկածել ՀՆԱ-ի ցուցանիշի վրա: Առանձնապես կասկածել էլ պետք չէ, որովհետև 100 տարի առաջ դրա ստեղծման ժամանակ հենց հեղինակն է գրել, որ պետք չէ հրապուրվել, ՀՆԱ-ն ունի լուրջ թերություններ:
Ադրբեջանը ՀՆԱ-ն կփակի 0.4-0.5 %-ով: Սա առաջին անգամն է վերջին 10-15 տարվա մեջ, որ գուցե Ադրբեջանի թիվը ՀՀ ցուցանիշից փոքր լինի, բայց Ադրբեջանի նավթարդյունաբերությունը հանած, ՀՆԱ-ն կաճի 9.4 %–ով: Վրաստանի ՀՆԱ աճն առանց հանքարդյունաբերության սպասվում է 7.5 % (2011-ի 9 ամիսների հաշվարկով)։ Մեր հանքարդյունաբերության աճի հաշվին ՀՆԱ-ն ունի 2 թերություն՝ բնությունն եք հյուծում։ Առանձին տեղեկություններով՝ Քաջարանի հանքավայրում նախկինում մինչև 10 մլն տոննա հանքաքարի փոխարեն արդեն արդյունահանվում է 20-25 մլն տոննա: Ի դեպ, իշխանությունը պետք է այս թվերը հրապարակի: Հիմքեր կան մտածելու, որ գնում է հանքերի գիշատչային շահագործում: Եվ երկրորդը՝ եթե վաղը իշխանություն եք, վարչապետ, կամ նախագահ, եթե տեսնեք ՀՆԱ-ն չի աճում, ձեր խնդիրն է լինելու 10-15 հատ արտոնագիր տալ, Պողոսը՝ մետաղ, Պետրոսը ավազ փորեն, որ ՀՆԱ-ն աճի: Այս ՀՆԱ-ն արտադրանք է, բայց բնության տեղը ավերակ է: Հանքարդյունաբերությունը պետք է հանել ՀՆԱ-ից, որովհետև այդտեղ ԱԱ չկա, ՀՆԱ-ում պետք է պահել այն ճյուղերը որտեղ ավելացված արժեքի չափաբաժինը մեծ է: Աշխարհի բոլոր երկրներում վարվում են այդպես:
– Գյուղատնտեսությունում աճը 14.1 % է…
– Այստեղ աճ չկա, պարզապես բլեֆ է: Խաղողի դեպքում նախարարը կարգադրել էր 2 անգամ թիվը մեծացնել: Հանրահավաքներից մեկի ժամանակ դիմեցի նախագահին՝ եկեք մարդ լինենք, մի անգամ թիվը ստուգենք, օրինակ՝ խաղողի: Վերջապես ՀՀ-ում հարգված ձեռնարկություններից մեկի՝ Երևանի կոնյակի գործարանի ղեկավարը «Վիկիլիքս»–ում հայտարարություն արեց, և նա հիմքեր ուներ, որովհետև այդ ձեռնարկությունը միակն է, որ տիեզերքից է նկարում այգիները: Եթե դեռևս մի 5-6 տարի առաջ գյուղնախարարությունը Geosys կազմակերպության միջոցով նկարներ ունի արած տիեզերքից, ես ներողություն կխնդրեմ: Googl Earth ծրագրով ևս դիտելիս խաղողի վազերը ծառերից տարբերվում են: Հիմա ես ի՞նչ ասեմ այս մարդկանց, որ գրում են 220 հզ. տոննա խաղող, երբ եղել է 110 հզ. տոննա: Նույն մոտեցումն է ցորենի և մյուս մշակաբույսերի դեպքում: Գործակիցներ կան, որ իջեցնում են մարզերում, որ իրական թիվը կբազմապատկեք սրանով: Լավ, ո՞ւմ է պետք այս խաբկանքը: Կարո՞ղ եք պատկերացնել երկիր, որ արտադրի 14 % ավելի մթերք, երբ արտահանվում է միայն ծիրան, ժողովուրդը պակասի 3 %-ով, բայց ապրանքների գինն աճի 13.5 %-ով: Եթե միկրոէկոնոմիկայի դասին նման խնդիր տրվի՝ ինչքան կպակասի պահանջարկը, եթե գինը աճի X թվով, իսկ արտադրությունն էլ Y, սա անլուծելի խնդիր է համարվում: Պատկերացրեք x–ը և y–ը բնական դրական թվեր են ու հանկարծ «x+y»-ը փոքր է x-ից: Չէ, մեծ պետք է լինի, եթե երկուսն էլ բնական թվեր են: Ես չգիտեմ, թե ինչպես են ցորենը, բադրիջանը հաշվառում, թե թվերն ուղղակի գրում են:
2 սարսափելի վարչություն ունի գյուղնախարարությունը՝ անասնաբուծության և բուսաբուծության, որտեղ նկարվում են թվերը, հետո հաղորդվում են վիճվարչությանը: ԱՎԾ-ն սկզբնական հաշվառում չի տանում, ի տարբերություն 1996-1998 թվերի, երբ տարել էինք սկզբնական հաշվառում և այդ գործը հանել էինք գյուղնախարարության իրավասությունից: Ինչպե՞ս կարելի է արտադրողին հարցնել՝ ի՞նչ ես արտադրել: Չէ՞ որ միշտ, բնականաբար, կմեծացնի: Մասնավոր տնտեսությունների հաշվառման իմ այս բարեփոխումները, դժբախտաբար, 11 տարի առաջ վերացրեցին ու այդ պարտավորությունը դրեցին գյուղնախարարության վրա: «100 քայլ»–ում գրել ենք. գյուղմթերքների վերամշակման թափոնները պետք է ի պահ տրվեն հարկային մարմիններին, և սրանք էլ թափոնների հիման վրա պետք է հայտարարեն, թե ինչքան է եղել արտադրությունը։ Այդպես էլ չիրագործվեց։
– ԱՎԾ-ն, այսպես ասած, ճշգրտել է 3 ամիսների՝ սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ դեպի ավելացում:
– Մեզ հոկտեմբեր-նոյեմբերին ասացին, որ կտրուկ իջել է աճը՝ 2-2.4 %: Այսօր այդ տոկոսները կրկնապատկվել են: 2011 թ. հունվար-հոկտեմբեր, հունվար-նոյեմբեր և 2010 թ. հունվար-հոկտեմբեր, հունվար-նոյեմբեր ժամանակահատվածներում ունենք տարբեր թվեր, իսկ հունվար-դեկտեմբերին այդ թվերը փոխված են: Հունվար-դեկտեմբերի մեջ կա նաև հունվար-հոկտեմբերը, որը չի բռնում 2 ամիս առաջ հրապարակված հունվար-հոկտեմբերի հետ: Սա արդեն անեկդոտ է: Անցած տարի ասում էին՝ լավ վերականգնվեցինք, 2.6 % աճ ունեցանք, իսկ ՀԲ կայքում պաշտոնական աճը 1 % է: Հիմա կանցնի մի քանի ամիս, մեր ուշադրությունը կշեղվի, կհայտնվի 2-3 % կամ ընդհանրապես 1-ի մոտ թիվ: Կճշգրտեն:
– Ծառայությունների աճը 6.1 % են հրապարակել: Սա ինչի՞ հաշվին է:
– Ծառայությունների ոլորտում 6 % աճ են տալիս, հաշվում եմ, ստանում եմ, որ դրա առյուծի բաժնը ԱՊՊԱ-ն է: ԱՊՊԱ-ն աճ չէ, ԱՊՊԱ-ն ծախս է: Այո, ըստ Սայմոն Կուզնեցի, սա կարելի է համարել աճ: Դժբախտաբար ՀՆԱ-ն ունի թերություններ, օրինակ, պետական պարտք ենք անում՝ արժեթղթեր ենք բացթողնում, ՀՆԱ-ն աճում է: Դա ֆինանսական ծառայություն է, գործարք, բայց աճ չկա: Սա կոչվում է սապնապղպջակ: Դրա համար շատ են քննադատում Սայմոն Կուզնեցի ՀՆԱ-ի ցուցանիշը, որ նա թույլ է տալիս նման սապնապղպջակներով ուռճացնել ՀՆԱ-ն: Հիմա մի փոքր սապնապղպջակով բերել են 420 հզ. մեքենա, եթե 35-40 հզ. դրամով հաշվեք, մոտ 55-60 մլն դոլարի ֆինանսական ծառայություն է ավելացել: Ընդ որում, իրենք էլ լավ գիտեն, որ անարդար է ավելացել, որովհետև շահութաբերությունը կազմեց 200 %: Անգամ պետություն էր ուզում իջեցնել, բայց խնդրեցին 1-2 տարի այդ թիվը թողնել, որ ներդրումները ետ բերեն: ԱՊՊԱ-ն 1.5-2 տարում բոլոր ծախսերը փոխհատուցեց: Իսկ դա նշանակովի բիզնես է, ՀՀ նախագահը, վարչապետն ու ԿԲ-ն են նշանակում, թե ով զբաղվի դրանով: Այդտեղ ռիսկ չկա, կորցնելու տարբերակ չկա: Ապահովագրությունը մոտ 9 հզ. դրամ պետք է լիներ, ոչ թե 35-40 հզ. դրամ: Սա բերել է նաև ՀՆԱ աճի:
Այս տարի որ տեսնեն ՀՆԱ-ն չի աճում, ծառայողների ապահովագրություն կկազմակերպեն: Մարդկանց փոխանակ աշխատավարձ բարձրացնեն, մարդիկ սոված են, ասում են՝ չէ, գնացեք Ծաղկաձորում կամ Սևանում այս կամ այն օլիգարխի հյուրանոցում հանգստացեք, որովհետև դրանք դատարկ են մնացել: Այսպես չի կարելի, իսկապես չի կարելի:
– Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աշխատավարձը 26.6 % աճ էր արձանագրել: Ասում են՝ պարգևավճարի արդյունքում է:
– Կարող է պարգևատրումն է, բայց սա խնդրի մյուս կողմն է: Ընդհանուր առմամբ աշխատավարձն ավելացել է 5.9 %-ով, գները՝ 7.7 %-ով: Այս վիճակագրությունն ասում է՝ մարդիկ 2 %–ով ավելի վատ են ապրել, քան 2010-ին: Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե տնտեսությունը 6 % աճել է, մարդկանց թիվը պակասել է, ինչի՞ ենք մենք ավելի վատ ապրել: Մի տարբերակ կա՝ մենք չենք կերել, արտահանել ենք: Բայց արտահանման իրական աճ չկա: Արտահանման 24 % աճը հիմնականում հանքաքարի, մետաղի, պղնձի գինն է: Ես չեզոքացնում եմ այդ գները, տեսնում եմ, որ արտահանումն էլ է մոտ 50 մլն դոլար պակասել: Գուցե ես լավ չեմ չեզոքացնում: Սա պետք է աներ վիճվարչությունը, բայց ինչո՞ւ վիճվարչությունն արտահանումը չի հաշվում համադրելի գներով՝ արտահանման սղաճն էլ հետը: 1999 թվականից մենք սա հաշվում ենք: Ընթացիկ դոլարով արտահանումը համեմատում են անցած տարվա դոլարի հետ, երբ դոլարն իր արժեքը փոխել է: ԱՄՆ–ը չի թաքցնում, որ անցած տարի դոլարն արժեզրկվել է 17 %-ով, և իրենք անընդհատ դոլարն արժեզրկելու են, քանի դեռ որոշ երկրներ փորձելու են նավթի գին բարձրացնել: Սա պայքար է: Երկու օր առաջ Օբաման ելույթ ունեցավ Չինաստանի դեմ և ասաց, որ դոլարի արժեզրկումը շարունակվելու է: Օբաման պահանջում եր, որ յուանն արժևորվի, և մենք առաջին անգամ տեսանք սպառնալիքներով խոսակցություն: Հիմք կա այս խոսակցության համար:
Հիմա 17 % ամերիկացիներն են արժեզրկել, ՀՀ դրամի նկատմամբ 6 % անվանական արժեզրկում է եղել, այսինքն՝ դոլարի արժեզրկումը մեր երկրում առնվազն 23 % է: Այսինքն՝ 24 % արտահանման աճից 23 %-ը դոլարի արժեզրկումն է: Կիլոգրամով, տոննայով արտահանվող ոչինչ չի ավելացել: Սա իմ մասնագիտական գնահատականներն են: Վարչապետի մասին չեմ խոսում, նա անհուսալի մարդ է, բայց ինչո՞ւ նախագահը չի պահանջում իրական պատկերը: Վիճվարչության պետը 15-րդ տարի է՝ ապականում է թվերը:
Արդյունքում, քանի որ արտահանման աճ չկա, արտադրության աճ կա, անհասկանալի է՝ արտադրում ենք, որ պահեստավորե՞նք: Պետությունն ինքը խոստովանում է, որ մարդիկ գնել են ավելի քիչ: Դա վկայում է, որ 2011-ին շարունակվել է սոցիալական բևեռացումը: Կամ, որ հայտարարում են, որ այսքան տրանսֆերտ է ստացվել, ինչո՞ւ չենք հայտարարում կապիտալի արտահանման մասին: Իմ տեղեկություններով՝ տրանսֆերտներն ավելացել են 20-22 %-ով, կապիտալի արտահանումն ավելացել է 35 %-ով: Մարդիկ ակտիվներ են ձեռք բերում դրսում: Կապիտալի արտահանման հիմնական երկրներն են Վրաստանը, Դուբայը, անգլիական օֆշորները և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ:
– Վրաստանում վիճակն ինչպե՞ս է, ի՞նչ եզրեր կան Հայաստանի հետ:
– Վրաստանի տարեկան ցուցանիշը դեռ չի հրապարակվել, իսկ 9 ամսում եղել էր 7.5 % աճ: Վրաստանի աճը մի քիչ ուրիշ աճ է և հիմնականում պայմանավորված է տուրիզմով և ավելացված արժեքով: Այնտեղ շարունակվում է շինարարության բումը: Այնտեղ էլ կա թերություն, որ նյութական արտադրության ոլորտում աճը թույլ է: Վրաստանը որոշ ցուցանիշներով ետ էր մնում Հայաստանից, հիմա բոլոր ցուցանիշներով առաջ է՝ և՛ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով, և՛ աշխատավարձով: Առայժմ միայն թոշակն է հավասար, դա էլ են անցնում: Վրատանի աճը վատ աճ չի, հատկապես տուրիզմի մասով: Մերոնք գլուխ էին գովում՝ 500 հզ. տուրիստ եկավ: Վրաստան 2 մլն 800 հզ. է գնացել, այդ թվում՝ ավելի քան 700 հզ–ը Հայաստանից: Այստեղ եկողն էլ տուրիստ չեն, մեր հայրենակիցներն են, որ Ռուսաստանից գալիս են իրենց ծնողներին տեսնելու:
Կապիտալի արտահանման գնահատականը Հայաստանը սկզբում ասեց, որ չնչին է, հետո ընդունեցին, որ զգալի է: Նախանցյալ տարվա թվերով վրացիները խոսում են 650 մլն դոլարի մասին: Զանգվածային են ներդրումներն այսօրվա օլիգարխ պատգամավորների, բիզնեսմենների կողմից: Վիճակն այնպիսին է, որ իշխանությունները հասկանում են՝ Վրաստանն ավելի հուսալի է, ու հենց իշխանությունները լուրջ կապիտալ են արտահանում Վրաստան: Վրացական ու հայկական կողմերի հայտարարած թիվը տարբերվում է 3-4 անգամ, բայց նույնիսկ հայկական աղբյուրները խոստովանում են լուրջ կապիտալի արտահոսքի մասին:
– Պարոն Բագրատյան, Դավոսը միջազգային լուրջ տնտեսական համաժողով է, որին Հայաստանն ընդամենը մի քանի անգամ է մասնակցել, և վերջին անգամ Սերժ Սարգսյանը 2009-ին մեկնել էր քաղաքական նպատակներով՝ հայ-թուրքական երկխոսության շրջանակներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարը մեզ հետ զրույցում նշեց, որ դա այնքան էլ կարևոր համաժողով չէ, ֆինանսական միջոցներն են տնտեսում, իսկ այլ հարթակներում ներկայացնում են ՀՀ խնդիրները: Ձեր գնահատականը ո՞րն է:
– Այստեղ ֆինանսի հարց չի, գնալ մասնակցելը փոքրիկ գումար է: Մենք այնտեղ ասելիք չունենք: Ո՞ւմ ուղարկենք, որ ելույթ կարդա, որ անալիզ անի տարածաշրջանի մասին, կամ ժամանակակից տնտեսագիտական միտք հնչեցնի: Այդպիսի մարդ չկա պարզապես:
Այս տարվա Դավոսը շատ կարևոր է: Այնտեղ կլինի 2 մոտեցումների բախում. անգլոսաքսերը կբախվեն մայրցամաքային տնտեսագիտական մտածելակերպի հետ: Մայրցամաքային Եվրոպան կպահանջի, որ զսպվեն ֆինանսական գործարքները, այն, ինչ 15 տարի ես եմ ասում ՀՀ–ի համար: Բանկային ոլորտը մեզ մոտ լուրջ աճ է արձանագրել՝ ակտիվների 20 % աճ: Դա բացարձակապես հիմարություն է: Եթե տնտեսությունն աճել է 6 %, ակտիվները պետք է 40 % աճեն: Սակայն հարցն այն է, որ բանկային ակտիվների աճը ամենևին ցույց չի տալիս, որ տնտեսությունում վիճակը լավ է: Օրինակ, նույն շինարարությունը վարկավորելով և վերավարկավորելով կարելի է ստանալ ակտիվների աճ:
Աշխարհն է սկսում մտածել, որ ՀՆԱ և այլ ցուցանիշները չեն արտացոլում իրական պատկերը: Դավոսը այդ հարցերին պետք է պատասխանի: Հաճախ է ստացվում, որ բյուջեի շատ բարձր դեֆիցիտի պայմաններում ստացվում է շատ ցածր սղաճ: Սա այն է, ինչ 10-12 տարի է գրում եմ, որ կամաց-կամաց քեյնսականության նկատմամբ հետաքրքրությունը կիջնի, որովհետև առաջ է եկել նոր տեսություն ունենալու անհրաժեշտություն: Այդ տեսակետից Դավոսում լուրջ բախում կլինի:
Հայաստանն այս խնդիրներից հեռու է: Այս իշխանություններն ապրում են շաբաթների, օրերի հաշվարկով, մտածում են՝ պաշտոն ունեմ, ոնց անեմ 1 ամիս էլ ավել լինի: Ու այսպես յոլա ենք գնում: Այս ամենը սպանել է տնտեսագիտական միտքը: Ավելին, չկա մրցակցություն բուն կառավարության ներսում: Եթե մեկը փորձի մի տնտեսագիտական բովանդակությամբ հարցազրույց տալ, անպայման կպատժվի վարչապետի կողմից: Համարվում է, որ սա նրա գլխից թռել է: Իշխող ուժի մեջ էլ դեմոկրատիա չկա: Այս ամենը բերել է նման անորակ միջավայրի, նման վիճակագրության, նման տնտեսական կացության, որ բացահայտ անկման ֆոնին խոսում են աճի մասին:









































