Սա համազգային տոն է, ու պետք է հասնենք այն օրվան, որ նշենք հայկական բանակի օրը: Դրա նշանակությունը կամաց-կամաց ենք սկսում հասկանալ: Վաղը կլրանա ԶՈՒ կազմավորման 20-ամյակը, ոչ թե հայոց բանակի, քանի որ վերջինս շատ հին է: Լրագրողների հետ հանդիպմանը այսպես պարզաբանեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` բանակի հիմքը ազատամարտիկներն էին, երկրապահները:
«Կատարյալ բանակներ երբեք չեն լինում, կատարյալ դառնում են: Բանակը անվերջ կայացման ու ուժեղացման խնդիր ունի»,- ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:
Դ. Ամալյանի խոսքով` մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք, որ բանակը ուժեղանա` անկախ գաղափարախոսությունից:
«Պետք է բանակին սիրենք մեր տան տղու պես: Բանակը մեր տան որձն է, որին պետք է սիրված պահել, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, բայց չպետք է նաև երես տալ, որ պատվախնդիր լինի»,- նման համեմատություն անցկացրեց երգիչը:
Խոսելով բանակ-հասարակություն կապի մասին` Ա. Հովհաննիսյանը համաձայնեց, որ պետք է, իհարկե, առողջ կերպով քննադատել բանակը, քանի որ որդին` բանակը, թերությունները ժառանգել է ընտանիքից: «Պետք է և սիրել, և կշտամբել մեր «որդուն»,- ասաց Հովհաննիսյանը:
Դ. Ամալյանն էլ ընդգծեց, որ պետք չէ հրապարակել այն, ինչ հրապարակման ենթակա չէ, թեպետ մեղավորները պետք է պատժվեն:
«Պետք է չմոռանալ, որ չավարտված պատերազմ ունենք: Բանակը մշակույթի կարիք ունի»,- ընդգծեց Դ. Ամալյանը` նշելով, ոի ինչպես մենք ենք ուրախանում թշմանու բանակում տեղի ունեցած խժդժություններից, այնպես էլ՝ իրենք:
Ինչ վերաբերում է բանակի բացթողումներին, երգիչը նկատեց, որ զինվոր-սպա հարաբերությունները պետք է լինեն «բացարձակ ընտանեկան»: «Պարտադիր չէ, որ սպան հրամայի զինվորին քայլել, այլ կարող է ասել՝ տղա ջան: Մեզանում դեռ հայրենիքը չի նույնանում պետության հետ, իսկ բանակը պետք է դրանք կապի միմյանց»,- նշեց նա:
«Հայաստանցի-ղարաբաղցի տարբերակումը քաղցկեղի բջջի է նման, պետք է դա վերացնել: Գոնե բանակ երեխա ուղարկելիս չպետք է լացել»,- ասաց Դ. Ամալյանը:
Փորձագետն էլ՝ համաձայնելով, նկատեց, որ պետք է շատ զգույշ լինել հայաստանցի-ղարաբաղցի բառերն օգտագործելիս:











































