Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ, Ադրբեջանից բռնագաղթած Լևոն Հարությունյանն ի՞նչ իմանար, որ իր սեռական ցանկությունները «Սիցիլիայում» բավարարելու հետևանքը մաֆիոզ «ռազբորկաներին» բնորոշ վերջաբան է ունենալու` պայթյուն կազինոյում, իրեն բռնելու համար էլ մորն ու քրոջն են Միքայել Նալբանդյանի մոտ (ենթադրվում է` Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, կամ` առավել հավանական է` ԱԱԾ) տանելու: Բայց ամեն ինչ սկսենք սկզբից:
Մշտապես գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված ու ընտանիքասեր 30-ամյա Լևոնը մի օր որոշում է իրեն «բուրժույ» զգալ. 2010թ. սեպտեմբերի 25-ին, գիշերվա ժամը 02:00-ին, Երևանից մի պատահական տաքսի է վարձում և լավ տրամադրությամբ ուղևորվում Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Սիցիլիա Գեյմս» խաղատուն: Խաղատանը կից գիշերային ակումբում որոշ բաներ է պատվիրում ու հետևում սթրիփ-պարուհիներին: Որոշ ժամանակ անց պարասրահի մենեջեր Հասմիկին պատվիրում է` «կոնսումացիայի» տարբերակով, 10-րոպեով առանձնացնել իրեն պարուհիներից իր վաղեմի ծանոթ Սյուզաննա Բարսեղյանի հետ, որպեսզի վերջինս կատարի իր հավելյալ ցանկությունները: Նրանք առանձնանում են և, ամենայն հավանականությամբ, հաճույքի ամենաթեժ պահին, երբ հաճախորդը դեռ չէր բավարարել իր ցանկությունը, մոտենում է պարասրահի մենեջեր Հասմիկը և հայտնում, որ «կոնսումացիայի» ժամանակն ավարտված է: Դե, պատկերացնում եք, թե ոնց կփչանա հաճախորդի տրամադրությունը, որը մտածում է, որ ժամանակից շուտ են ընդհատել իրենց հանդիպումը: Լևոնը մատուցողուհիներից մեկին հարցնում է, թե ում կարող է բողոքել հաճախորդներին վատ սպասարկելու համար: «Ախրանի պետ» ոմն Սերգոյի` Սերգեյ Կարապետյանի հրահանգով Լևոնին ուղեկցում են նրա մոտ:
Սերգոն լսում է դժգոհությունը և առանց որևէ պատճառաբանության հայհոյում է Լևոնին և, քրեական գործով, իբր, չպարզված այլ անձանց հետ ծեծի է ենթարկում Լևոնին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հետո վիճաբանողները դուրս են գալիս խաղատան բակ, որտեղ նրանց է միանում նաև ընկերության անվտանգության աշխատակից Սմբատ Մարտիրոսյանը: Լևոնը մի փոքր հեռանում է խաղատան շենքից Երևան-Սևան ավտոճանապարհի ուղղությամբ և, ըստ նախաքննության նյութերի, իրեն ծեծողներին պատժելու համար` բեկորային ինքնաշեն նռնակը նետում է նրանց ուղղությամբ, սակայն ոչ թե իրեն ծեծողներն են տուժում, այլ վերջին պահին խաղատան բակում հայտնված Սմբատ Մարտիրոսյանը. նրա թևն է վնասվում, ինչը նախաքննական մարմինը ձևակերպում է որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Փաստի առթիվ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի կողմից նույն օրը հարուցվում է քրեական գործ: Սկզբում միայն Լևոն Հարությունյանին է մեղադրանք առաջադրվում երկու և ավելի անձանց հանրորեն վտանգավոր եղանակով սպանության փորձի (քր.օրի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետեր) և ապօրինի զենք, ռազմամթերք կրելու (235-րդ հոդվածի 1-ին մասով) համար: Գործը փետրվարի սկզբին մտնում է Կոտայքի մարզի դատարան, մոտ 20 օր հետո Կոտայքի մարզի դատախազությունից դատարանը ստանում է նույն փաստի առթիվ հարուցված մեկ այլ քրգործ` ըստ մեղադրանքի Սերգեյ Կարապետյանի` քր.օր.-ի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը), որը դատարանը միացրել է ավելի վաղ ստացած գործին:
Դատարանում ամբաստանյալ Լևոն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ժամանակից շուտ են ընդհատել իր և մերկապարուհու առանձնահանդիպումը, և երբ այդ մասին դժգոհություն է հայտնել խաղատան և գիշերային ակումբի անվտանգության պետ ներկայացած ոմն Սերգոյի, վերջինս իրեն կշտամբել է, թե ինքը չէ, որ պետք է թելադրի իրենց աշխատանքի կանոնները: Իրենց միջև տհաճ խոսակցություն, այնուհետև վեճ է առաջացել: Իր դեմ ոմն Սերգոյին են միացել նաև խաղատան մի քանի այլ աշխատակիցներ, որոնք իրեն խաղատնից քաշքշելով հանել են դուրս և սկսել հարվածներ հասցնել: Իրեն ծեծելու ընթացքում նշված անձինք սպառնացել են, որ փախուստի փորձ կատարելու դեպքում կկրակեն ոտքերին և շարունակել են ծեծել: Բացի այդ, իրեն ծեծի ենթարկողները թալանել են գրպանում եղած 40.000 դրամը: Ի վերջո, ծեծը դադարելուց հետո, ինքը պատահական մեքենայով մեկնել է ընկերոջ տուն` Մասիս, որտեղ մնացել է մի քանի օր` ստացած մարմնական վնասվածքներից ապաքինվելու և դրանից հետո միայն տուն վերադառնալու նպատակով:
Հարությունյանը պնդել է, որ ինքը նռնակ չի ունեցել և խաղատանը կամ դրա բակում որևէ մեկի վրա նռնակ չի նետել, հակառակը, իրեն են ենթարկել ծեծի խաղատան մի խումբ աշխատակիցներ: Մասիսում` ընկերոջ տանը գտնվելու ժամանակ իրենց գյուղի ընկերներից զանգահարել ու իրեն հայտնել են, որ քրոջն ու մորը տարել և պահում են ոստիկանությում (Մ. Նալբանդյանի դիմացի շենքում) և բաց չեն թողնելու, մինչև չներկայանա իրավապահ մարմիններին: Իմանալով այդ մասին և չունենալով այլ ելք` կամովին ներկայացել է ոստիկանություն` նախարարության շենք: Ոստիկանությունում իրեն ասել են, որ խաղատան վրա նռնակ նետողն ինքն է և մինչև չխոստովանի կատարած հանցանքը, քրոջն ու մորը բաց չեն թողնի: Ոստիկանությունում տեսնելով մոր և քրոջ վիճակը, ստիպված խոստովանել է, որ խաղատան վրա նռնակ նետողն ինքն է: Նույնը նա գրել է նաև իր տված ցուցմունքում` մանրամասնելով, որ իբր «Սիցիլիա Գեյմս» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակցի մոտ նկատել է նռնակ և վերցնելով այն` քիչ հեռացել է անվտանգության աշխատակիցներից և նռնակը նետել դեպի խաղատան բակ: Դատարանում պնդել է դատաքննական ցուցմունքը` նշելով, որ ինքը ոչ նռնակ է ունեցել, ոչ էլ վերցրել ու նետել է կազինոյի ուղղությամբ:
Առաջադրված մեղադրանքում (117-րդ հոդվածով) Սերգեյ Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք է տվել, որ երբեմն այցելել է «Սիցիլիա Գեյմս» գիշերային ակումբ` որպես հաճախորդ: Լինելով ակումբի սեփականատիրոջը հարազատ անձնավորություն, եղել են դեպքեր, երբ պարասրահում ինչ-որ վիճաբանության կամ պահելաձևի հետ կապված հարցեր են առաջացել և ինքը հանդարտեցրել է հաճախորդներին: Ինչ վերաբերում է իր «ախրանի պետ» մականվանը, Կարապետյանը հայտնել է, որ ինքը դեռ մանկահասակ տարիքից զբաղվել է սպորտով և քանի որ մարմնեղ է ու մարզված` իրեն այդպես են անվանել նաև ակումբի աշխատակիցները` իրեն ընդունելով որպես անվտանգության աշխատակից: Այդուհանդերձ, Սերգեյ Կարապետյանը դատարանում հայտնել է, որ ինքը Լևոնին չի ծեծել, այլ նրա լկտի պահելաձևի համար ուժեղ հրել է նրան և պարասրահից հանել դուրս, որից հետո չի տեսել, թե դրսում ինչ է կատարվել: Քիչ անց դրսից լսել է բարձր ձայն, այնուհետև դուրս գալով բակ` տեսել է, որ բոլորը խառնված են իրար: Փորձանքի մեջ չընկնելու համար` ակումբի մյուս դռնից դուրս է եկել և գնացել տուն:
Դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել Սերգեյ Կարապետյանին, և վերջինիս դիմումի համաձայն` նրա նկատմամբ կիրառվել է համաներում, դադարեցվել է քրեական հետապնդումը և նրա մասով քրգործի վարույթը կարճվել է, շարունակելով քրգործի քննությունը Լևոնի մեղադրանքի սահմաններում: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, վճռել է Լևոն Հարությունյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքների կատարման մեջ. քր.օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով Լևոն Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով և կիրառելով ԱԺ կողմից մայիսին ընդունված համաներման մասին որոշումը` ազատել է նշանակված պատժից, իսկ քր.օր.-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը` համաներման ակտով և նախատեսված չափով թեթևացրել է և նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով:
Չնայած վկաները Լևոն Հարությունյանին ճնշելու, ծեծելու մասով ուղղակի ցուցմունքներ չեն տվել, սակայն որոշ վկաների ցուցմունքներից ակնհայտ է դառնում, որ Լևոն Հարությունյանին ծեծել են, հետո` դուրս շպրտել: Դա հաստատվում է նաև դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ. «Լևոն Հարությունյանի վնասվածքները` գլխի սալջարդ վերքի, ճակատի, քթի, ձախ այտային շրջանի, ձախ դաստակի, կրծքավանդակի, որովայնի, ձախ ծնկի, ձախ ազդրի քերծվածքների, ստորին կոպերի, ձախ հետույքային շրջանի արյունազեղումների, նախաբազուկների ճանկռվածքների ձևով, հասցվել են նախաբազուկների ճանկռվածքները սուր եզր ունեցող բութ առարկաներով, իսկ մնացածը` բութ, կոշտ առարկաներով, որոնք առաջացրել են առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով»: Ինչ վերաբերում է նռնակի ծագմանը, ապա մի քիչ անտրամաբանական է, որ գյուղացի մարդը նռնակով գնա սթրիփ-ակումբ:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Լևոն Հարությունյանի պաշտպանը: Նա ակնկալում է դատարանից` կայացնել արդարացման դատական ակտ, ճանաչել, հռչակել Լ. Հարությունյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:
«Ժամանակ»











































