Հունվարի 25-26-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ բանակցությունների արդյունքում էական առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի հիմնական նպատակների և սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության և արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաև բանակցությունները` Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու վերաբերյալ ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ:
Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Երևանում:












































