Ցյուրիխի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձեռքի կոտրվածքը կարող է հանգեցնել ուղեղի փոփոխության:
Ինչպես գրում է Medical Xpress-ը, նրանք հայտնաբերել են, որ կոտրված ձեռքի հատվածում ուղեղի կենտրոններում գորշ և սպիտակ նյութերի քանակը նվազում է և ավելանում է առողջ ձեռքի հատվածում:
Մասնագետները հետազոտել են 10 հիվանդի, որոնք կոտրել էին իրենց աջ ձեռքը և ստիպված էին մի քանի շաբաթ գիպսե վիրակապով մնալ: Նրանց շարժումները, բնականաբար, սահմանափակվել են, և առօրյա բոլոր գործողությունները ստիպված են եղել կատարել ձախ ձեռքով: Փորձագետները նշել են, որ մասնակիցներից ոչ մեկը նախկինում չի ունեցել գլխուղեղի, ծայրամասային նյարդերի վնասվածք և չի տառապել հոգեկան հիվանդություններով:
Փորձի մասնակիցները երկու անգամ անցել են մագնիսական ռեզոնանսային պատկերում` վնասվածք ստանալուց երկու օր անց և գիպսը հանելուց 16 օր հետո: Մագնիսական ռեզոնանսային պատկերի սքանավորումը գիտնականներին թույլ է տվել գնահատել ուղեղի գորշ և ստիտակ նյութերի քանակը: Փորձագետները փորձարկել են նաև ձախ ձեռքի շարժունակությունը: Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ սպիտակ և գորշ նյութերի ծավալը ձախ կիսագնդում նվազել է 10 տոկոսով, մինևնույն ժամանակ այդ նյութերի քանակությունն ավելացել է աջ կիսագնդում:
«Մենք հայտնաբերել են ձախ՝ վնասվածքներ չստացած ձեռքի շարժումների լավացում, որն անմիջականորեն արտահայտված է աջ կիսագնդում գորշ և սպիտակ նյութերի խտացմամբ: Կառուցվածքային փոփոխությունները ուղեղում կապված են ձախ ձեռքի ունակությունների հետ, որը կարողացել էր իր վրա վերցնել գործողությունների մի մասը, որ նախկինում կատարում էր աջ ձեռքը»,- ասել է հետազոտության ղեկավար Նիկոլաս Լանգերը: Գիտնականների հետազոտությունը հրատարակվել է Neurology ամսագրում: