1957 թ. հունվարի 16-ին Լիվերպուլում տեղի է ունեցել Cavern ակումբի բացումը, որտեղ ժամանակին իր դեբյուտն է ունեցել լեգենդար The Beatles խումբը: Այս օրը դարձել է բիթլասեր հասարակության ամենակարևոր տոներից մեկը: ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ հունվարի 16-ը նշում են որպես The Beatles-ի համաշխարհային օր:
Ավանդույթի համաձայն՝ խմբի անվան գաղափարն առաջացել է Ջոն Լենոնի մոտ՝ երազում: Արդեն հնարավոր չէ այս վարկածն ապացուցել կամ հերքել, բայց ինքը Լենոնը պատմում էր. «Ես մի մարդու տեսա վառվող կարկանդակի վրա, որն ասաց՝ թող լինի beetles»: Beetles թարգմանաբար նշանակում է «բզեզներ», սակայն Լենոնը երկրորդ e-ն փոխել է a-ով. ստացվել է միանգամայն նոր, ինքնատիպ անվանում:
1962 թ. լույս է տեսել խմբի առաջին սինգլը՝ Love Me Do, իսկ 1963 թ. մարտին՝ նրանց դեբյուտային ալբոմը՝ Please Please Me, որը կես տարի գլխավորել է ազգային հիթ-շքերթը:
The Beatles-ը 20-րդ դարի ամենահայտնի և հաջողակ խումբն է: 2004 թ. Rolling Stone ամսագրի կազմած բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցուցակում տեղ են գտել Beatles-ի 23 երգերը:
1970 թ. լույս տեսավ խմբի վերջին ալբոմը՝ Let It Be-ն: Նույն թվականին խումբը ցրվեց, և երաժիշտները սկսեցին զբաղվել անհատական կարիերայով, իսկ 1980 թ. դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվեց: 2001 թ. նոյեմբերի 29-ին Լոս Անջելեսում ուղեղի ուռուցքից մահացավ Ջորջ Հարիսոնը: Խմբի մյուս երկու անդամները՝ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը մինչ այժմ շարունակում են իրենց ստեղծագործական կարիերան:









































