Իր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Եվրասիական միության թեմային՝ լրագրողների խնդրանքով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կամա, թե ակամա դրսևորեց այն, որ պաշտոնական Երևանը կարծես թե խուսափում է այդ թեմայի մասին արտահայտվելուց: Պետք է ասել, որ ներկայումս այդ դիրքորոշումը բավական ռացիոնալ և օպտիմալ է, նկատի ունենալով մի քանի հանգամանք. նախ դեռ հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ միությունը, և բացի այդ էլ միարժեքորեն պարզ է, որ Հայաստանն այդ միությունում անելիք կամ փնտրելիք ոչինչ չունի:
Հայաստանը ինչ որ բան անելու և փնտրելու մասին պետք է մտածի բացառապես եվրոպական միության ուղղությամբ: Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե ինչու Հայաստանը հստակ չարտահայտվի այդ մասին: Նախ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վեջին շրջանում բավական հաճախ են հայտարարել եվրոպական միության ուղղությամբ կողմնորոշված լինելու և այդ ուղղությանը հավատարիմ լինելու մասին: Այլ հարց է իհարկե, թե իրականում ինչքանով է դա այդպես և իրականում Հայաստանն ինչքանով է եվրոպամետ և ինչքանով խոր ասիական պետություն: Բայց, հայտարարության մակարդակով ամեն ինչ կարծես թե հստակ է:
Մյուս կողմից, Հայաստանն այժմ հասկանալիորեն խուսափում է եվրասիական միությանը դեմ հանդես գալուց, քանի որ դա կարող է անհարկի գրգռել Ռուսաստանին: Պաշտոնական Երևանը, այն էլ ներկայումս, անշուշտ կխուսափի անել դա: Եվ թերևս այս փուլում պետք էլ չէ, առավել ևս, որ դեռ հայտնի չէ ինչ ճակատագիր է սպասում թե Եվրասիական միությանն ինքնին, թե դրա նախաձեռնողներ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Բավական է ընդամենն արձանագրել այն, ինչ տեղի է ունենում այդ երկրներում, և պարզ կլինի, որ դրանք իրականում գտնվում են մի պռնկի վրա, որից այն կողմ բավական հիմնարար բեկումներ և շրջադարձեր են:
Այդ պայմաններում, Հայաստանի համար նպատակահարմարը թերևս ժամանակից առաջ չընկնելն է, բայց միևնույն ժամանակ նաև դրան պատրաստ լինելը: Իսկ ինչ է նշանակում այդ պարագայում լինել ժամանակին պատրաստ: Նկատի ունենալով այն, որ Եվրասիական միությունը բացարձակապես, սկզբունքորեն չի բխում Հայաստանի պետական-ռազմավարական շահից, Հայաստանը պետք է պաշար կուտակի, ռեսուրս հավաքի այդ միությանն ասել «ոչ», երբ գա դրա ժամանակը: Իսկ այդ ժամանակը անշուշտ կարող է գալ, եթե Ռուսաստանում ուրվագծվող բեկումնային փոփոխությունները չազդեն իրերի դրության վրա:
Իսկ «ոչ» ասելու համար Հայաստանին անհրաժեշտ է մինչ դրա պահը գալը հնարավորինս բարեփոխել երկրի քաղաքական և տնտեսական համակարգերը, նաև փոխել իշխող մտածողությունն առ այն, որ Հայաստանի ապագայի միակ հուսալի հենարանը դա Ռուսաստանն է: Ռուսաստանն ընդամենը մեկն է այն պետություններից, որոնց հետ Հայաստանը պետք է աշխատի իր պետական շահը սպասարկելու համար, բայց Ռուսաստանը ամենևին միակը չէ և Հայաստաում պետք է փոխվի հասարակական այդ գերիշխող մտածողությունը: Երբ հասարակական մտածողությունը փոխվի, Ռուսաստանի համար այլևս շատ դժվար կլինի ճնշել Հայաստանի իշխանությանը, որովհետև ներկայումս այդ ճնշումների գլխավոր հենքի ոչ այնքան Հայաստանի իշխանության համադեմոկրատական բնույթն է կամ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որքան հասարակության մտածողության մեջ ռուսամետության գերիշխումը:
Բայց, ինչպե՞ս պետք է փոխի իշխանությունը հասարակության այդ մտածողությունը: Դա փոխելու համար պետք է պարզապես երկրի արդիականացման իրական գործընթաց սկսել և ցույց տալ, որ Հայաստանն ամենևին միայն Ռուսաստանով չէ, որ կարող է ապահովել իր անվտանգությունն ու բարեկեցությունը, որ Հայաստանը կարող է զարգանալ արևմտյան արժեհամակարգի հետ գործակցելով, իրական եվրոպական արժեքների քաղաքական ու տնտեսական ադապտացիայի շնորհիվ, ներգրավելով ներդրումներ թե՛ արտերկրի ներդրողների, թե՛ արտերկրում բնակվող սփյուռքահայերի կողմից: Իսկ նրանք ընդամենը մի բան են պահանջում Հայաստանից՝ սեփականության պաշտպանություն և ժողովրդավարական ազատություններ: Սակայն, միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանին անհրաժեշտ է արդեն այս պահից հասարակական մակարդակով առաջ բերել հակադրություն Եվրասիական միության հանդեպ, դա դարձնելով պետական քաղաքականության հենարան, հենասյուն: Այլապես, անկախությունից երկու տասնամյակ անց, երրորդ տասնամյակի մուտքին Հայաստանի համար նոր հնարավորությունների և ճանապարհների փոխարեն, կբացվի դուռը դեպի հետ:











































