Ռումինիայի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 33 մարդ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը, վկայակոչելով Բուխարեստի շտապօգնության ղեկավար Քրիստիան Գրասին:
Տեղական Nine O’Clock պարբերականի փոխանցմամբ, տուժածների թվում են ոստիկանության հինգ աշխատակիցներ: Գրասի խոսքերով, 15 հոգի հոսպիտալացվել է: Բացի ոստիկաններից, տուժածների թվում է նաև տեղական հեռուստատեսության մի աշխատակից, որը հարձակման է ենթարկվել անկարգությունների մասին ռեպորտաժ պատրաստելիս:
Բուխարեստում ցույցը սկսվել էր հունվարի 15-ին՝ Համալսարանական հրապարակից: Ցույցին նախապես մասնակել է 400 մարդ, և այն կրել է խաղաղ բնույթ: Հետագայում ցուցարարներին ավելի շատ մարդ է միացել, հիմնականում երիտասարդներ: Երեկոյան ցույցը վերածվել է ոստիկանության հետ ընդհարման. ակցիայի մասնակիցները ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ քարեր են նետել և այրել են աղբամանները:
Ոստիկանությունում ենթադրում են, որ ցույցը վերահսկողությունից դուրս է եկել ֆուտբոլային «Ստյաուա» և «Դինամո» ակումբների երկրպագուների պատճառով, որոնք հայտնի են իրենց ագրեսիվ վարքով: Իրավիճակը կարգավորվել է միայն կեսգիշերին մոտ: Ձերբակալվել է մոտ 30 ցուցարար:
Բողոքի ցույցերը Ռումինիայում շարունակվում են հունվարի 12-ից և կապված են առողջապահության փոխնախարար Ռաեդ Արաֆաթի հրաժարականի հետ, որը մեծ ժողովրդականություն է վայելում երկրում: Ցուցարարները պահանջում են Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուի հրաժարականը, ինչպես նաև առաջ են քաշում մի շարք քաղաքական պահանջներ:
Հակակառավարական ցույցերը տեղի են ունենում Ռումինիայի ավելի քան 20 քաղաքներում և հիմնականում կրում են խաղաղ բնույթ:
Associated Press գործակալության փոխանցմամբ, կիրակի տեղի ունեցած անկարգությունների հետ կապված Ռումինիայի կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ:












































