Միգրացիան, որն առկա է Հայաստանում, շատ բնական գործընթաց է. այն ուղիղ, բնական արձագանքն է իշխանությունների կողմից այսօր տարվող քաղաքականության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:
«Հայաստանում միգրացիան դիտարկվում է առավելապես էթնիկության հարթությունում, և այդ է պատճառը, որ բացասական են ընկալվում ինչպես արտագաղթը, այնպես էլ Հայաստանի` մեծաթիվ ներգաղթյալների համար ցանկալի երկիր դառնալը: Մինչդեռ միգրացիայի խնդիրն ունի նաև իրավական, տնտեսական, մշակութային ասպեկտ»,- ասաց ազգագրագետը:
Ասուլիսի մյուս բանախոս` ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն իր հերթին նկատեց, որ միգրացիան, ի թիվս մնացած գործառույթների, նաև հաղորդակցություն է այլ արժեքների հետ:
Անդրադառնալով քաղաքական գործընթացների արդյունքում Մերձավոր Արևելքի երկրներից հայերի` Հայաստան հնարավոր ներհոսքի հնարավորության թեմային` նա նկատեց, որ թեպետ այդ երկրների հայ գաղթօջախներին շատ ծանր օրեր են սպասվում, բայց նրանց էական մասը հազիվ թե կարողանա վերադառնալ Հայաստան և ինտեգրվել հայ հասարակությանը:
«Նրանք ավելի շուտ կձգտեն հեռանալ զարգացած երկրներ` Եվրոպա, ԱՄՆ և այլն: Միաժամանակ` ես, որպես անկախ փորձագետ, կարծում եմ, որ Հայաստանում ներկայումս 2,8-2,9 մլն մարդ է ապրում: Ընդ որում, Հայաստանից արտագաղթում են մեծամասամբ տղամարդիկ` ավելի քան 70 տոկոսը»:
Եգանյանի խոսքով` անցյալ տարվա տվյալները վկայում են, որ ծնելիության աճի` վերջին մի քանի տարիներին գրանցված դրական տեմպերը զուտ ժամանակավոր բնույթ են կրում:
«Նախորդ տարի արդեն իսկ պարզ դարձավ, որ ծնվածների բացարձակ թիվը նվազման միտում է ցույց տալիս: Սա տևական, հարաճուն երևույթ է, քանի որ ասպարեզ է մտնում 90-ականներին ծնված փոքրաթիվ սերունդը, որն էլ, բնականաբար, ինքը փոքրաթիվ լինելով` քիչ երեխաներ է ունենալու: Մենք վաղուց ենք թևակոխել վտանգավոր փուլ, և գալու է մի ժամանակ, երբ բնական վերարտադրության մակարդակը խիստ նվազելու է, այն արդեն իսկ նվազում է:
Ինչ վերաբերում է երրորդ և ավելի երեխաների համար պետության կողմից տրվող նպաստների չափին, ապա դրանք չեն կարող լուրջ խթան լինել, որպեսզի զույգերը մտածեն շատ թվով երեխաներ ունենալու մասին: Միայն ոչ հեռատես մարդիկ կարող են պահի ազդեցության ներքո ոգևորվել տրվող նպաստի հանգամանքից` որոշելով երրորդ և ավելի երեխա ունենալ»,- նկատեց ժողովրդագիրը:
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը ևս համաձայնեց, որ էպիզոդիկ`միայն երեխայի ծնվելու պահին տրվող խթանիչ գումարները դեմոգրաֆիական անկումը կանխել և ծնելիության աճ ապահովել չեն կարող:










































