Էթիկայի հանձնաժողովի առաջ խիստ հավակնոտ ծրագրեր են դրված, սակայն հարց է` կարո՞ղ է արդյոք հանձնաժողովը իրականացնել իր վրա դրված այդքան հավակնոտ պարտականությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Հանրային խորհրդից հետո` էթիկայի նորաստեղծ հանձնաժողովը բուտաֆորիկ երկրորդ կառույցն է: Ինչո՞ւ պետք է բազմաթիվ հավակնոտ հարցեր լուծի այս հանձնաժողովը` այն դեպքում, երբ նրա լուծմանը վստահված շատ հարցեր պետք է լուծեն պետական տարբեր կառույցներ»,- ասաց նա:
Անուշ Սեդրակյանի խոսքով` եթե հանկարծ կառույցի հավակնոտ գործունեությունը տապալվի, հասարակությունը հերթական հիասթափությունը կապրի:
«Բոլոր երկրներում հանրային վերահսկողություն կատարում է մամուլը, բարձրաստիճան պաշտոնյաների անհարիր քայլերը հանրայնացվում են հենց նրա կողմից, մինչդեռ մեզ մոտ լրագրողներին դատում են, եթե նա որևէ պաշտոնյայի մասին ինչ-որ բան է գրում: Փաստորեն, Հայաստանում մամուլի ձեռքից վերցնում են վերահսկողության գործառույթը և տալիս հանձնաժողովի ընդամենը 5անդամների:
Ինչպե՞ս կարող ենք 5 հոգու վրա դրվել 3` գործադիր, օրենսդիր և դատական համակարգերի անկատարությունը»,- հռետորական հարց հնչեցրեց Անուշ Սեդրակյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, իր հերթին նկատեց, որ վերոնշյալ հանձնաժողովն իր մեջ հասարակական վերահսկողության, հակակոռուպցիոն, զսպիչ տարրեր է պարունակում:
«Էթիկայի հանձնաժողովը գույքային ռեգիստր է վարելու և ապօրինություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան վարույթներ է հարուցելու: Եթե հանձնաժողովը հանրությանը տարեկան ներկայացնի պաշտոնատար անձանց գույքային հայտարարագրերը, հրապարակայնություն մտցնի նրանց գործունեության մեջ, ապա զգոնության տարրը վերջիններիս մոտ կավելանա: Չէի ուզի թերահավատորեն վերաբերվել այս կառույցի գործունեությանը, քանի որ հանձնաժողովը կոչված է որոշակի խնդիրների լուծմանը: Պետք է լավատես լինել և հանձնաժողովի մասին բացասաբար չխոսել:
Մենք դեռ այս կառույցի աշխատանքը չենք տեսել, և նրա մասին թերահավատորեն չարժե խոսել, մանավանդ որ` այս հանձնաժողովի գործունեությունը կարող է հանրային մեծ արձագանք ունենալ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` որո՞նք են երաշխիքները, որ էթիկայի հանձնաժողովն անկաշառ է գործելու, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ բոլոր վարույթներն իրականացվելու են հասարակության աչքի առաջ, իսկ հրապարակայնությունը չի կարող կոռուպցիոն ռիսկերի տեղիք տալ:
«Կարևոր գործոն է նաև հանձնաժողովի անդամների բարձր աշխատավարձը, որը կազմում է քաղծառայողների միջինացված աշխատավարձի 15-16-ապատիկը»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված էթիկայի հանձնաժողովը օրերս գումարել է իր անդրանիկ նիստը: Նմանօրինակ հանձնաժողով կազմավորելու նախաձեռնությամբ խորհրդարանում հանդես են եկել նաև ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ինչպես նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:











































