Հիմա բոլորը նախընտրում են զվարճանքը, որը նախ` հեշտ է մատուցել, բացի այդ` կա դրա պահանջարկը: Վիճակը նույնն է մշակույթի բոլոր բնագավառներում` երգարվեստ, թատրոն: Թատրոնը դարձել է անեկդոտների շարան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը, վերլուծելով մշակույթի ներկայիս վիճակը:
Նրա խոսքով, իհարկե, պետք է վերապահումներով վերաբերվել հարցին, քանի որ արժեքավոր գործեր ստեղծվում են, սակայն դրանք շատ քիչ են մատուցվում հանրությանը կոմերցիոն չլինելու պատճառով: «Օրինակ` խանութում դրված լավ կարագը չի մատուցվում, որովհետև վատն ավելի էժան է: Բնականաբար, բնակչության այդ զգալի հատվածը չի կարող գնել թանկը»,- նշեց Ե. Պետրոսյանը:
Հարցին` արդյո՞ք թանկը հաճախ իրենից չի ներկայացնում անորակ ու անճաշակ, վերջինս պատասխանեց, որ «լավի» մասին մարդիկ հաճախ չգիտեն, քանի որ չեն լսել դրա մասին, չգիտեն, որ դա կա: «Ով պետք է դա պրոպագանդի: Մարդիկ չեն անում, ամեն ինչը թողնվել է կոմերցիայի, գլուխը փրկելու, հացի խնդիր լուծելու վրա: Օրինակ` եթե պետք է մի գումար, ու մարդը դիմի բոլոր ատյաններին` աջակցելու շատ լավ ու բարձրորակ մի նախագիծ, ֆինանս չի ճարվում է, բացառվում է»,- համոզմունք հայտնեց երաժիշտը:









































