Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Մյանմայի ժողովրդամետ առաջնորդի հետ հանդիպելուց հետո այսօր հայտնել է, որ Եվրոպական Միությունը «պատշաճ կերպով» կպատասխանի Մյանմայի իշխանության՝ վերջերս իրականացրած բարեփոխումներին:
Ինչպես հաղորդում է AFP-ն, Ալեն Ժյուպեն Ֆրանսիայի առաջին բարձրաստիճան դիվանագետն է, որ երբևէ այցելել է այդ երկիր, որը հայտնի է նաև Բիրմա անունով: Մյանման երկար ժամանակ Արևմուտքի կողմից դատապարտվել է մարդու իրավունքների ոտնահարումների և ռազմական իշխանության համար. այն տևել է գրեթե 5 տասնամյակ:
Քաղաքացիական կառավարությունը, որն իշխանության գլուխ է անցել անցած տարի, դիտորդներին զարմացրել է իր անցկացրած բարեփոխումներով, այդ թվում՝ ընդդիմության հետ երկխոսությամբ: Ընդդիմությանն այժմ թույլատրվում է գրանցվել որպես քաղաքական կուսակցություն:








































