Խորհրդարանական ընտրություններից հետո պետք է փոխվեն բոլոր կաշառված ինստիտուցիոնալ օղակները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ-շվեյցարական ընկերության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը`անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին:
Ըստ նրա` հային պետք է վերադարձվի այն հույսը, որ ինքը դեռ կարող է կերտել իր ճակատագիրը: «Այս ենթադրությունը ներկա և հաջորդ կառավարության հիմքը պետք է դառնա: Հայաստանի տնտեսությունը պետք է դառնա իսկապես մրցունակ և որակյալ համաշխարհային մակարդակով: Սփյուռքը նույնպես անելիք ունի, բայց որպեսզի այս ցանկությունն իրականանա Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է դառնան պակաս ձևական և ավելի գործունյա»,- նկատեց Ս. Շահինյանը:
Խոսելով Հայաստան-սփյուռք հարաբերություններից` նա ասաց, որ անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստան-սփյուռք համաժողովը չկարողացավ մշակել այն կարևորագույն ուղեգծերը, որոնք ակնկալվում են, որպեսզի հայրենիք-սփյուռք հարաբերությունները ավելի համակարգվեին: «Պետք է համատեղ մտածել մեր առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները ճիշտ ընդունելու համար»,- նշեց Ս. Շահինյանը` կարևորելով նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ապահովությունը:












































