Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

ՕՏԱՐԱԼԵԶՎԱՄՈԼՈՒԹՅԱՆ կամ սևակյան ու մի քանի այլ «բայց»-երի մասին

«Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: …Բայց այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունը, նրա պահպանությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա» (Պ. Սևակ, «Պահպանենք և հարստացնենք մայրենին», «Գրական թերթ», 25.03.1962թ.):
Սևակյան այս անհանգստություն-պատգամները առավել հրատապ են հիմա:
Բայց այն ժամանակ՝ հեռավոր 1962 թվականին, երբ Պ. Սևակը գրում էր «…մեզ վրա», տարբեր անուններով գործող Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեին չէր ուղղում խոսքը: Չկային նաև ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունն ու Հայերենի բարձրագույն խորհուրդը (2001 թվականից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում): Այսօր արդեն վերջինի «անունը կա, բայց ամանում» վաղուց ոչինչ չկա:
Եթե լինեին էլ, Սևակը, կարծում եմ, կրկին պիտի գրեր «…մեզ վրա»՝ նկատի ունենալով ոչ թե պետական կառույցները, այլ համայն հայությանը:
Բայց հիմա այն ժամանակը չէ, հիմա այլ ժամանակներ են եկել…
Առածն ասում է. «Որտեղ որ գնաս, էն երկրի գդակը ծածկե»: Բայց երբ քո երկրում ես, նշանակո՞ւմ է արդյոք, որ քո երկրի գդակը չպիտի դնես…
Իհարկե, խոսքը ոչ թե հայրենական արտադրության գլխարկ կրելու կամ գլխաբաց քայլելու, այլ մեր երկրի՝ մասնավորապես լեզվի, կրթության մասին օրենքները հարգելու և դրանց պահանջները կատարելու մասին է:
Այս պարագայում արդեն «Տղա՛ս, բոբիկ ես» մարդկային և ծնողական հոգատարությունը և անհանգստությունը (կմրսես իմաստով) չի զուգորդվում այն հանդիմանանք-կշտամբանքի հետ, երբ նկատի է առնվում մարդու մտային և իմացական բոբիկությունը, այսինքն՝ անգրագիտությունը (ոչինչ չգիտես): Այդ բոբիկություններն այնքան հեռու են միմյանցից, որքան ոտքերը՝ գլխից: Խոսքը, իհարկե, վարժեցրածների մասին չէ, որոնց «պրոֆեսիոնալ» բառի փոխարեն լեզվի մաքրամոլները սարքել և կպցրել են «արհեստավարժ» (իմա՝ այդ տեղի՝ պաշտոնի համար արհեստականորեն վարժեցրած) անունը: Արհեստավարժությունը ոչ միայն առարկայական իմաստով իրողություն դարձավ, այլև մտածողության, հոգեբանության և կուլ տվեց գիտակների, հմուտների և գիտունների հսկայական բանակին:
ՀՀ ԿԳՆ-ում «Կրթության մասին», ինչպես նաև լեզվի պետական տեսչությունում «Լեզվի մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման և ՀՀ կյանքի տարբեր ոլորտներում պետական լեզվաքաղաքականության իրականացման նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնելիս գրեթե յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում-բախվում էի ոչ միայն կրթական, լեզվական և իրավական (օրենսդրական) բոբիկության, չպատճառաբանված, չարդարացված, այսպես կոչված՝ ակամա անգիտության կամ «միամիտ» անգրագիտության տարբեր դրսևորումների, այլև (ինչը, ցավոք սրտի, ավելի ակնառու և վտանգավոր էր) «չարամիտ» անգրագիտության:
Բայց դա էլ տարիներ առաջ էր: Իսկ այսօ՞ր: Այսօր կրթության և «հանրապետության կյանքի բոլոր ոլորտներն սպասարկող» պետական լեզվի վիճակը վատ է, պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի վիճակը՝ առավել ևս:
Այսօր իրեն քիչ թե շատ գրագետ համարող մարդը գիտի, որ աշխարհից մեկուսացած հնարավոր չէ ապրել: Իրոք, աշխարհի գործընթացներին ինտեգրվելու, մեր կյանքը, այդ թվում՝ կրթական համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու խնդիր ունենք, և այդ խնդիրը պետք է լուծել, բայց ոչ մեր չլուծված խնդիրները ավելացնելու գնով…
Այսօր հայրենասիրության մերկ քարոզների, գեղեցիկ բաժակաճառերի ընթացում հիշատակվող և շատերիս համար գեղեցիկ գրական լեզուն օտար լեզու է դարձել, և ոսկեղենիկ լեզու ունեցող հայը խոսում է աղքատիկ ու խեղված բառապաշարով:
Իսկ մատուցվող պաշտոնական լեզուն լուրերի տեսքով շուտասելուկի է վերածվել հեռուստատեսությունում, որ ժամանակ մնա հիմար, անիմաստ գովազդներին: Գրական հայերենը տեղը զիջել է ոչ միայն խոսակցական լեզվին, այլև շոուի լեզվին՝ գռեհիկ ժարգոնային («սերիալային») մի խոսվածքի, որ ամեն ինչ է, բայց ոչ հայերեն: Մեր գեղեցիկ գրական լեզուն օտար լեզու է դառնում, այսօր մենք հայ մարդուն հայոց լեզու սովորեցնելու խնդիր ունենք, որի հասարակական պահանջը պետական պետք է դարձել:
Բայց գործածելով նույն այդ գեղեցիկ լեզվի բառամթերքը և մանկավարժության մեջ օգտագործվող մեթոդները (համոզելուց մինչև պարտադրանք), առանց հասարակական պահանջի, պետական օտարալեզու դպրոցներ են հրամցվում, որոնց հրատապությունն ու անհրաժեշտությունն ապացուցելու համար ինչ ջանքեր ու միջոցներ ասես, որ չեն գործադրվում:
Այսօր օտարամոլություն կոչվածը բացահայտ մարտահրավեր է նետել այն ամենին, ինչ ազգային է: Այն իր վտանգավոր շոշափուկների մեջ է առնում մեր կյանքի նորանոր ոլորտներ՝ սպառնալով անուղղելի ավերածություններ կատարել հայոց լեզվում, վերջին հաշվով՝ հայի լեզվամտածողության և հոգեբանության մեջ, կենցաղում և վարքում:
Այսօր հայ մարդու անհատական ու ազգային արժանապատվության, ինքնասիրության, լեզվամտածողության հազարամյա ընդարձակ տիրույթները, իրավունքներն ու ազատությունները սեղմվում, փոքրանում են մի կողմից իր իսկ անտարբերության, մյուս կողմից՝ հայ օտարամոլների կամայական պարտադրանքների կաղապարներում:
Կարելի է օտարասեր ու օտարամեծար լինել, բայց ոչ օտարամոլ, կարելի է կնասեր ու կնամեծար լինել, բայց ոչ կնամոլ: Ժողովուրդը վերջինի համար մի դիպուկ բառ է ստեղծել՝ բոզարած: «Օտարամոլ» բառը ինձ համար աղերսվում, հավասարվում է «բոզարածին», բայց ոչ երբեք «կնասերին» («օտարասերին») ու «կնամեծարին («օտարամեծարին»), և որքան էլ պնդեք, թե դրանք նույն բառի հոմանիշներն են, կասեմ՝ ժողովուրդն իմաստուն է, ես և հոմանիշների բառարան կազմողները կարող են սխալվել, ժողովուրդը՝ երբեք:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում օտարամոլության դրսևորումներից ամենավտանգավորը դրսեկ օտարալեզվամոլությունն է:
Նորին գերազանցության այս օտարալեզվամոլությունն իր անընդունելի դրսևորումներով, իր կրողների անգրագիտությամբ, մեծ ու փոքր ծավալներով երբեք այնքան անպարկեշտ ու վտանգավոր ձևեր չի ընդունել, որքան հիմա, երբեք այնքան մարտնչող ու հարձակողական չի եղել, որքան հիմա, իսկ հակակշիռը՝ օտարալեզվամոլության դեմ ազգային-հասարակական ընդվզումը, երբեք այնքան թույլ ու նվազ չի եղել, որքան այժմ: Գուցե ես խտացնո՞ւմ եմ գույները: Գուցե…
Եվ դարձյալ պիտի դիմեմ Սևակին. «Ես այն մաքրասերներից չեմ, ովքեր լեզուն համարում են մեկընդմիշտ «կոմպլեկտավորված»: Ամեն մի լեզու զարգանում է և ամեն մի խելացի փոխառությունից՝ հարստանում ու ճոխանում: Բայց…»:
Բայց փոխառությունների մասին չէ, որ խոսում ենք: Թե չէ մեր լեզուն ինչպե՞ս կպատկերացնեիք առանց, ասենք, հին միջերկրական քաղաքակրթությունը կրած լեզուներից (գինի, յուղ, թուզ սպունգն), թրակա-փռյուգիականից (արագիլ, սայլ, կարիճ, սրինգ ևն), ուրարտա-խուռիականից (ընկույզ, ծիրան, կարաս, կտավ, հաճար ևն) փոխ առնված բառերի կամ վերջին շրջանի, պայմանականորեն անվանենք, նորագույն փոխառությունների:
Մենք խոսում ենք ոչ միայն սևակյան, այլև մի քանի այլ «բայց»-երի մասին, որոնք սպառնում են մեր ինքնությանն ու ազգային անվտանգությանը:
Բայց բանից պարզվում է, որ հենց օտարալեզու դպրոցներ չբացելն է վտանգում մեր ազգային անվտանգությանը, կամ գուցե ես ճիշտ չե՞մ հասկացել ՀՀ վարչապետի խոսքը ճարտարագիտական համալսարանում…
Չէ՛, փոխառությունները չեն անհանգստացնում ինձ, այլ այս տիպի օտարալեզու դպրոցները: Սրանց ճանապարհը հարթելը շատ վաղուց է սկսվել, այն օրերից, երբ, թերևս, փակվեցին ռուսական դպրոցները, և ինչ-որ չափով սկսեց թուլանալ ռուսական կայսրության քաղաքական ազդեցությունը մեր լեզվամտածողության վրա: Նախ մտածված մոռացվեց, որ հազարամյակների ընթացքում միշտ էլ հասարակությունն է պահել դպրոցը, իսկ ապա արգելվեցին դպրոցի գործունեության գնահատման շատ չափանիշներ (դրամահավաքությունից խուսափելու համար արգելվեցին արտադասարանական, արտադպրոցական միջոցառումները, մոտակա և հեռավոր էքսկուրսիաները պատմամշակութային տեսարժան վայրեր ու թանգարաններ, արգելվեցին կոլեկտիվ կինոդիտումները, այցելությունները թատրոններ, արգելվեցին դասարանական և խմբակային լուսանկարումները…):
Կուսակցությունները իրենց դիլետանտ նախարարացուների և փոխնախարարիկների շուրթերով, առանց բարեկրթության մասին քնարական ակնարկների, այլ մատ թափ տալով, կոռուպցիայի մասին խոսքն էլ տեղափոխեցին կրթական համակարգ՝ բուհ ու դպրոց, և կաշառակերության մամլակի տակ հավասարեցվեցին, ճզմվեցին բոլորն անխտիր՝ ազնիվ ու անազնիվ դասախոսն ու ռեկտորը, ուսուցիչն ու տնօրենը: Կրթությունը դարձրին որբի գլուխ, և ով հասավ, սկսեց խուզել՝ իր ախորժակին ու քիմքին համապատասխան…
Ամեն ինչ արվեց, որպեսզի հայտարարվի («Թրանսփարենսի Ինթերնեշնլ»), որ Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական ոլորտն է: Իսկ եթե, ըստ նախարարի, կոռումպացվածության հաշվարկման մեկ այլ մեթոդաբանություն հանկարծ պարզի, որ կրթությունը 4-րդ կամ 5-րդ տեղում է, ուրեմն՝ կեցցե՛ նախարարը, պարգևատրություն էլ կարելի է տալ:
Եվ թող որ աղմկի հասարակությունը, թե Հայաստանում պետական օտարալեզու դպրոցներ բացելու փոխարեն անհրաժեշտ է հանրակրթական դպրոցներում բարձրացնել օտար լեզուների դասավանդման դրվածքը: Օտարալեզու դպրոցների բացման երկրպագուները այնպիսի ոգևորությամբ, ձևերով ու մեթոդներով են փորձում համոզել այդ դպրոցների անհրաժեշտությունը, որ քիչ է մնում իսկապես հավատաս, թե առանց այդ 11 դպրոցների մենք կկորչենք:
Պ. Սևակն ասում էր. ««Մեր լեզուն հարստացնելու», «մաքրամոլ» և «հնաբույր» չերևալու և, վերջապես, զարգացած ու խելացի կարծվելու արատը առաքինություն դարձրած՝ մեզանից շատերը հասել են այն ծիծաղելի (բայց և զայրացուցիչ) վիճակին, որ ռուս գրող Ֆոնվիզինը բնորոշել է շատ դիպուկ. «Ռուսերեն խոսելով՝ ֆրանսերեն են զկռտում»»:
Բայց այսօր մեր կողքին ու մեր մեջ հայերեն խոսելով ոչ միայն զկռտում են ռուսերեն ու անգլերեն, այլև ֆրանսերեն ու գերմաներեն, արաբերեն ու պարսկերեն, հերթը շուտով թուրքերեն զկռտալուն է հասնելու:
Որպես բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, մանկավարժ, բանաստեղծ ու թարգմանիչ, որպես նախկին պաշտոնյա, մարդ ու քաղաքացի (և, կամ բոլորը միասին)՝ անձամբ ոչ միայն դեմ չեմ, այլև կողմ եմ լեզուների իմացությանը:
Մինչև այսօր արդարացի զայրույթ և ասելիք ունեի և չգիտեի՝ ում ուղղեմ… Հիմա գիտեմ:
Ոչ թե նրան եմ ուղղում՝ արհեստավարժ, դիլետանտ անճարների այդ հսկայական բազմությանը, որ հիմա պաշտոնեական իր բարձրությունից չի կարդա, լավագույն դեպքում միայն կլսի, որ այսպիսի բան է գրվել: (Այդ բազմությունը այլ բան անկարող է անել):
Բայց եթե զայրույթիս համար դժվարանում էի հասցեատեր գտնել, ապա խնդրանք-պահանջիս համար համախոհները շատ են: Մեր լեզուն սովորում են օտարները (վկա՝ հայագիտական կենտրոնները բազմաթիվ երկրներում)՝ և՛ օտար բարեկամները (մեր լեզու-զենքով մեզ մերձենալու, ճանաչելու համար), և՛ օտար թշնամիները (մեր լեզու-զենքով մեր դեմ պայքարելու համար): Համայն հայության մեջ (հայրենիքում լինի, թե սփյուռքում) չի գտնվի մեկը, որ ուրանա կամ մոռանա, որ հայոց լեզուն հազարամյակներ պահպանել ու պաշտպանել է մեզ:
Ու եթե մեր լեզու-զենքով հիմա մենք չենք ուզում պահպանվել ու պաշտպանվել, ապա գոնե մեր լեզու-զենքը պահպանել ու պաշտպանել պարտավոր ենք: Եվ այստեղ է, որ սևակյան անհանգստություն-պատգամը պիտի կատարել…
Այո՛ պիտի ասել հայկական դպրոցում պետական ուսումնական պլանով նախատեսված դպրոցական պարտադիր և ոչ պարտադիր ցանկացած օտար լեզվի ուսուցմանը՝ ուսուցանելով մանկավարժության մեջ ընդունված բոլոր ձևերով ու մեթոդներով և ո՛չ պետք է ասել ցանկացած օտարալեզու դպրոցի (խոսքը ազգային փոքրամասնությունների համայնքային դպրոցի մասին չէ):
Օտարալեզու կրթություն ստացած երիտասարդը ձգտելու է արտերկիր, դեպի դուրս… Որտե՞ղ են վերջին տասնամյակում հայկական պետական դպրոցն ու բուհը ավարտած մեր գիտակ-գիտունների հսկայական փաղանգները: Այնտեղ՝ դրսում, որ արտերկիր է կոչվում կամ սփյուռք, նայած թե երբ որն է ձեռնտու: Օտարալեզու դպրոց չունենալը խանգարո՞ւմ էր:
Բայց մենք խանգարելու հանգամանքների մասին չենք խոսում, այլ արտագաղթին, սփյուռքի մեծացմանը, հայերի ուծացմանը նպաստելու մասին:
Այո՛, մենք լավ ուղեղներ ունենք, բայց այդ լավ ուղեղների լավ արտահոսք էլ ունենք… ու հայրենի իշխանությունները կաշվից դուրս ենք գալիս նրանց արտերկրի ճամփան ցույց տալու համար, …որովհետև միլիոնավոր դոլարներ ներդրած արտասահմանը պատանդներ է ուզում իր տված թույնի դիմաց, և մենք տալիս ենք… երիտասարդ ուղեղների տեսքով:
2005 թվականին միամտություն ունեցա պետական մրցանակի ներկայացնելու «Խեցի» ժողովածուս: Մրցանակն ինձ պետք չէր, սրտիս վիրահատության համար այդ մրցանակի գումարային արժեքն էր պետք: Բայց գրքիս մեջ անբարո հայհոյանք չկար, իսկ մենք գիտենք, թե պետական մրցանակ ո՛ր ժողովածուները և ովքե՛ր են ստանում:
Ինչու հիշեցի՞… Հա՛, որ ասեմ, թե լեզվական հայհոյանքն ու գրավոր անբարոյականությունը պետականորեն են հովանավորվում: Այդ գրքիս մեջ այսօրվա անհանգստության մասին այսպիսի տողեր ունեմ.
Մեր հողից շիթ-շիթ, կաթ-կաթ արյուն է
Մղվում արտերկիր,
Այսինքն՝ մեզ էլ քամում են այնպես,
Ինչպես ընդերքի սև արյուն-նավթն են
Քամել անարգել, վատնել անխնա…
Բայց մենք ո՛չ նավթն ենք, ո՛չ զտված ոսկին
Եվ ո՛չ իսկ աղը այս մոլորակի,
Այլ հրաշագործ մեղուն և նրա մեղրն անարատ…
Մեզանից խլված մեր ազնիվ, մաքուր մեղրի փոխարեն
Շաքարաջուր չէ,
Թույն են տալիս մեզ ողորմածաբար
Եվ ասում՝ ապրի՛ր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում