Անցած տարի 9-ամյա Շանթ Արմենյանը նամակ էր գրել Կոնգրեսի դեմոկրատական անդամ Ադամ Շիֆին` խնդրելով իրենց դպրոց տիեզերագնաց հրավիրել:
Glendale News-Press-ը հաղորդում է, որ Շիֆը հաճախ է դպրոցականներից նամակ ստանում, բայց Շանթի նամակը տարբերվել է մյուսներից: Կոնգրեսականի խոսքով, Շանթի նամակից ակնբախ էր, որ երեխան իսկապես հետաքրքրված է տիեզերքով և գիտությամբ:
Ուրբաթ օրը Շիֆը կատարել է Ալթադենայի աշակերտի ցանկությունը: Նա եկել է Վահան և Անուշ Շամլյաններ հայկական դպրոց՝ NASA-ի տիեզերագնաց Գրեգորի Չամիտոֆի հետ, ով երեխաներին պատմել է Միջազգային տիեզերական կայանում աշխատելու իր փորձի մասին:
Արմենյանն ասել է, թե անչափ երջանիկ է, որ իր ցանկությունը կատարել են, և որ դա մեծ փորձ էր այն 300 աշակերտի համար, ովքեր հնարավորություն են ունեցել շփվել տիեզերագնացի հետ: Արմենյանն ասել է, որ վաղուց է հետաքրքրվում տիեզերքով և մշտապես ներգրավված է Burbank Sidewalk Astronomers խմբի աշխատանքներում: Այս խումբը փողոցում անցորդների համար հեռադիտակներ է տեղադրում:







































