ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի՝ Երևան կատարելիք այցի արդյունավետության աստիճանը մեծամասամբ կախված է ոչ թե իրենցից, այլ հայ հասարակության դիրքորոշումից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ գնահատելով վերջիններիս այցի հնարավոր հետևանքները:
«Ամռանը մեր հասարակության մեջ առկա տրամադրությունները բարենպաստ չէին, որպեսզի Մարտի 1-ի մասին բանաձևն ընդունվեր այն տեսքով, որով ակնկալում էինք: Հետևաբար, ակնկալիքներ նախևառաջ մեզնից պետք է ունենանք: Ինչպես որ մենք մեզ դրսևորենք, այնպիսին էլ կլինի միջազգային հանրության արձագանքը: Ճիշտ է, հայ հասարակությունը տեր է կանգնում իր իրավունքներին, սակայն ոչ բավարար չափով: Մեր իշխանություններն, իրենց հերթին, ցանկություն չունեն բացահայտելու Մարտի 1-ի սպանությունների իրական հեղինակներին»,- ասաց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի՝ Հայաստան կատարած այցի մասին հնարավոր կլինի դատել միայն նրանց հետագա հայտարարություններից և զեկույցից ելնելով: «Միաժամանակ, չեմ կարծում, որ նրանք կարող են դրական հայտարարություն անել: Ոչինչ չի փոխվել, քանի որ պետությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները»,- ամփոփեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:
Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը Հայաստան կայցելեն հունվարի 16-ին:









































