Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Կարս-Իգդիր-Նախիջևան (ԿԻՆ) երկաթգծի կառուցումը մեկնարկելու է 2013 թվականի սկզբին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ ներկայումս ընթանում են կանոնավոր հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են երկաթգծի կառուցմանն առնչվող հարցերը։
Թուրքական դեսպանատունը, հավելել է, որ երկու երկրների միջև փոխադարձ ներդրումների ծավալը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թուրքիան և թուրք գործարարները Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել են 6.5 միլիարդ դոլար, իսկ ադրբեջանցի գործարարներն իրենց հերթին Թուրքիայի տնտեսության մեջ ներդրել են 4.5 միլիարդ դոլար։ Բացի այդ, կողմերը 5 միլիարդ դոլար են ներդնելու Թուրքիայի Իզմիր քաղաքում կառուցվող նավթավերամշակման գործարանի մեջ։
Հիշեցնենք, որ ներկայումս Նախիջևանում գործում է միայն «Նախիջևան- Թավրիզ» երկաթուղին: 2010 թվականի մայիսին Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր. «ԿԻՆ երկաթուղին, որը կհանդիսանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակությունը, կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը: Նախիջևանի տարածքում կկառուցվի 7 կիլոմետրանոց երկաթուղի, որը Թուրքիան կմիացնի Նախիջևանին»:







































