Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ TÜRKSAM միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Իգդիրից թուրքական խորհրդարան անցած և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ներկայացնող Սինան Օղանը պարզաբանել է, թե ինչու Ադրբեջանը ցայժմ չի ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ):
«Թուրքիան չի ցանկանում, որ Ադրբեջանը ճանաչի ՀԿԹՀ-ն։ Եթե Ադրբեջանը դա անի, ապա Լեռնային Ղարաբաղում կստեղծվի անկախ պետություն, որը կվաստակի անկախ պետության կարգավիճակ։ Սակայն չնայած դրան՝ եթե Թուրքիան Ադրբեջանին խնդրի ճանաչել ՀԿԹՀ-ն, իհարկե՝ դա կարվի մեկ օրում»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի վերջերին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Բաքվում թուրք լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել էր Ադրբեջանի կողմից ինքնահռչակ ՀԿԹՀ-ի ճանաչման խնդրին.
«Թուրքիան իրավունք ունի ՀԿԹՀ-ի ճանաչման հետ կապված ակնկալիքներ ունենալ Ադրբեջանից։ Մենք դա հասկանում ենք, մի՛ կարծեք, թե Կիպրոսը մեզ համար ավելի քիչ կարևորություն է ներկայացնում, քան ձեզ համար։ Սակայն ձեր երկրի իշխանությունները քաջ գիտեն, որ եթե Ադրբեջանը ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա անմիջապես 15 պետություններ կճանաչեն Լեռնային Ղարաբաղը։ Իսկ Թուրքիան դա չի ցանկանում»։







































