Թուրքական Ankara լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին՝ կապված հունվարի 23-ին Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դիտարկման հետ։
Նամակում Չիչեքը հորդորում է չընդունել այդ օրինագիծը՝ ընդգծելով, որ դա վնաս կհասցնի թուրք-ֆրանսիական «բարեկամությանը». «Այս նամակը գրելու պատճառն այն է, որ առկա է երկու երկրների միջև խոր և պատմական կապերին լուրջ և մնայուն վնաս պատճառելու պոտենցիալ ունեցող հարց»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում վերոնշյալ օրինագծի ընդունումից առաջ՝ դեկտեմբերի 14-ին, Ջեմիլ Չիչեքը նամակ էր գրել իր ֆրանսիացի գործընկեր Բեռնարդ Ակոյերին, որում անհանգստություն էր հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդգրկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ խորհրդարանականները «չպետք» է զբաղվեն պատմություն գրելով, և որ այդ հարցը «պետք» է թողնել պատմաբաններին։
Ի դեպ, Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրք քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին՝ հանդիսանալով քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:








































