NBA-ում հանդես եկող «Օրլանդո Մեջիք»-ի բասկետբոլիստ Դուայթ Հոուարդը մեկ խաղում կատարած տուգանային նետումների թվով գերազանցել է NBA-ի` 50 տարվա վաղեմության ռեկորդը: «Գոլդեն Սթեյթ Ուորրիորս»-ի հետ հունվարի 13-ին կայացած խաղում կատարեց 39 տուգանային նետում և գերազանցեց Ուիլթ Չեմբերլենի ցուցանիշը (34 նետում), որը գրանցվել էր 1962 թվականի փետրվարի 22-ին: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը:
«Ուորրիորս»-ի հետ խաղում Հոուարդը 39 նետումներից իրացրեց 21-ը, իսկ ամբողջ հանդիպման արդյունքում վաստակեց 45 միավոր, կատարեց 23 խլում: «Օրլանդո»-ն հաղթեց 117:109 հաշվով:
Ուիլթ Չեմբերլենը, ով մահացավ 1999 թվականին, համարվում է բասկետբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը: Նրան պատկանում են բազմաթիվ ռեկորդներ, որոնցից ամենահայտնին մեկ խաղում արդյունավետության ռեկորդն է: 1962 թվականի մարտի 2-ին «Նյու-Յորք Նիքս»-ի դեմ խաղում «Ֆիլադելֆիա»-ի կազմում նա վաստակեց 100 միավոր:










































