Ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) և The Wall Street Journal պարբերականի համատեղ կազմած աշխարհի պետությունների տնտեսական ազատությունների վարկանիշային աղյուսակում Հայաստանում տնտեսական ազատությունները գնահատվում են 68.8 միավորով: Սա 0.9 միավորով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, ինչը պայմանավորված է կոռուպցիայի, պետական ծախսերի և դրամավարկային քաղաքականության ազատությունների ոլորտներում իրավիճակի վատթարացմամբ:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, սիստեմային վերլուծող Գարեգին Չուգասզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ համաթիվը կազմվում է որոշակի չափանիշներով՝ կապված ազատականության հետ, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ամբողջ աշխարհում նկատվում է պետության մասնակցության ուժեղացում տնտեսության մեջ, և մի համաթվով գնահատական տալը դժվար է:
«Մենք ունենք ավելի լավ համաթիվ՝ գնացողների և եկողների հաշվեկշիռը: Արտագաղթի այն ահագնացող թվերը, որ մենք ունենք, շատ ավելի լավ համաթիվ է, քան բոլոր միջազգային համաթվերը: Մենք ոչ թե փոքրիկ անկում ունենք, այլ այնքան մեծ է մեր վերջին տարիների արտագաղթը, որ վտանգում է մեր երկրի բուն պետականության լինել-չլինելը, և հայության լինել-չլինելու հարցն է դրվում, եթե շարունակվի արտագաղթը: Այն փոսը, որում հայտնվել է Հայաստանը, կարիք ունի ոչ թե ոլորտային, այլ համալիր, համակարգային փոփոխությունների, իսկ դա պահանջում է ստեղծագործական մոտեցում: Բոլոր դասական չափման միջոցները մեզ թույլ չեն տա դուրս գալ այս փոսից»,- նշեց Գ. Չուգասզյանը:








































