Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրեր առաջ Ֆրանսիա վերադարձած Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն շարունակում է ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ իր ինտենսիվ շփումները, որոնք միտված են Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կանխմանը։
Բուրջուօղլուն հայտարարել է. «Թուրքիայի ղեկավարությունն ինձ հանձնարարել է ևս մեկ անգամ բանակցել ֆրանսիական իշխանությունների հետ՝ ընդգծելու համար այդ օրինագծի ընդունման վնասակար հետևանքները թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա։
Մեր առաջադրանքը կարճատև հեռանկարում այդ օրինագծի սառեցման ապահովումն է։ Այդ չափազանց վտանգավոր օրինագիծը ներառվել է Սենատի՝ հունվարի 23-ի օրակարգում։ Դրա համար էլ տվյալ օրինագծի կանխման քննարկումները պետք է իրականացնել մինչև հունվարի 22-ը։
Ինչ վերաբերում է նրան, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ցանկանում է տվյալ նախագիծը տարածել ԵՄ երկրներում, ապա դա կնշանակի նոր ճակատ բացել Թուրքիայի հետ։ Իրատեսական չի լինի ֆրանսիական ղեկավարությունից նմանատիպ փորձերի ակնկալումը։ Սակայն եթե դա տեղի ունենա, ապա Թուրքիան անհրաժեշտ ձևով կարձագանքի դրան»։







































