Հայաստանն ազատ, անկախ և արդար երկիր դարձնելու գաղափարը կարող է լինել այն մեխը, որի շուրջ կարող է համախմբվել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Արդար Հայաստան ունենալու մղումը կարող է միավորել քաղաքական բոլոր ուժերին: Սա համախմբող մի գործոն է, որը, եթե չասեմ իսպառ, բայց գրեթե բացակայում է: Չեմ պատկերացնում ՀՀ որևէ քաղաքացու կամ քաղաքական ուժի, որը չի երազում, որ Հայաստանն ազատ, արդար ու մրցունակ երկիր լինի: Արտագաղթի տեմպերը կանխելու հարցը կարող է լինել մյուս ասպարեզը, ուր կարող են համագործակցել ընդդիմադիր կուսակցությունները: Մենք օրեցօր զրկվում ենք մեր պետության ամենամեծ կապիտալից՝ ՀՀ քաղաքացուց, և այս խնդիրը լուծելը պետք է դառնա մեզ բոլորիս համախմբող մյուս գործոնը»,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահը:






































