Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան Թեհրանում տեղի է ունեցել պայթյուն, որին զոհ է գնացել համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադիրոշանը։ Ռումբը պայթել է համալսարանի հարևանությամբ։
Ականատեսները վկայում են, որ մոտոցիկլետով երթևեկող մեկը ռումբը տեղակայել է համալսարանի մոտ կանգնած ավտոմեքենաներից մեկի վրա, որից հետո այն պայթել է՝ սպանելով ավտոմեքենայում գտնվող պրոֆեսորին և վիրավորելով ևս երկու մարդու։
Նշվում է, որ մեկ տարի առաջ նույն սցենարով սպանվել էր Իրանի միջուկային ծրագրով զբաղվող գիտնականներից մեկը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 28-ին պայթյուն էր գրանցվել Սպահանում, ուր գտնվում է ուրանի հարստացման գործարանը։ Իսկ նոյեմբերի 12-ին Թեհրանի մոտ ընկած բազայում պայթել էր նորագույն բալիստիկ հրթիռ, որին զոհ էր գնացել երկրի հրթիռային համակարգի պատասխանատու, գեներալ Հասան Մողադամը։ Դեկտեմբերի 11-ին էլ խորհրդավոր պայթյուն էր գրանցվել Իրանի Յազդ նահանգի մետալուրգիական գործարանում։









































