Արգենտինայի դաշնային կառավարության վերահսկիչ վարչության պետ Ռոբերտ Բարատան հայտնել է, որ մասնագետները երկրում գրանցել են էլեկտրաէներգիայի ռեկորդային սպառում: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
«Երեքշաբթի կեսօրին գրանցվել է էլեկտրաէներգիայի ռեկորդային սպառում` ավելի քան 21.3 հազար մեգավատ: Անցած տարի պիկ ժամին ( մարտի 10-ի երեկոյան) այս ցուցանիշը չի գերազանցել 21 հազար մեգավատը»,-հայտարարել է Բարատան:
Նրա խոսքերով՝ այս օրերին, երբ օդի ջերմաստիճանը տատանվում է 40 աստիճանի մոտ, երկրում օրական սպառվում է մոտ 400 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա:
Կառավարության ներկայացուցիչը С5N հեռուստաեթերից բնակչությանը կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել և ռացիոնալ օգտագործել օդորակիչները, օդափոխիչները և սառնարանները:
Բուենոս Այրեսում հայտարարվել է «կլիմայական վտանգի» նարնջագույն մակարդակ: Սա նշանակում է, որ այսպիսի շոգին դրսում գտնվելը սպառնում է երեխաների, թոշակառուների, «ռիսկի խմբի» խրոնիկ հիվանդների կյանքին: Երկրում այս չոր եղանակների հետևանքով հրդեհներ են բռնկվել Չուբուտ և Նեուկեն մարզերում, որտեղ այրվել է մոտ 3 հազար հա անտառ:
Օդերևութաբանները վստահեցնում են, որ Արգենտինայում ջերմաստիճանը մոտ ժամանակներս նվազելու է, և այս չորեքշաբթի Բուենոս Այրեսում և երկրի կենտրոնական հատվածներում անձրև է տեղալու:
Հարավային Ամերիկայում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Արգենտինայի Վիլյա դե Մարիա քաղաքում 1920 թվականի հունվարի 2-ին` 49,1 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:












































