Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին և Քեթրին Ջեյն Լիչին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, Է. Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարևոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպաններ Էյվզը և Լիչը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել են, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը և խորացումը խթանելու համար:
Հանդիպման ընթացքում Է. Նալբանդյանը հույս հայտնեց, որ ՀՀ և Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կապրեն, ինչն իր արտացոլումը կգտնի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնմանը:
Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձան նաեւ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:
Է. Նալբանդյանն ու Ջոնաթան Ջեյմս Էյվզը ու Քեթրին Ջեյն Լիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր:









































