Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած թուրքական կողմի սպառնալիքներին, շանտաժին ու դիվանագիտական ճնշումներին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Այժմ Ֆրանսիայի կառավարությունն այդ օրինագիծն ընդգրկում է Սենատի օրակարգում։ Ակնկալվում է, որ Սենատում այդ օրինագծի քվեարկությունը կայանալու է հունվարի 23-ին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչ Պատրիկ Օլիերը։
Հիշեցնենք, որ երեկ թուրքական լրատվամիջոցները գրել էին, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է ԵՄ-ի կողմից 2007 թվականին ընդունված «Ռասիզմի և այլատացության դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում ներառել նաև Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Նշվում էր, որ եթե այդ նախագիծն օրենքի ուժ ձեռք բերի, ապա ԵՄ-ի բոլոր երկրներում Հայոց ցեղասպանության հերքողները կազատազրկվեն 1-3 տարով։







































