РИА Новости-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի Վրաստանի հետ համագործակցությունից, սակայն մտադիր էլ չէ առավել ինտենսիվացնել այն.
«Ես չեմ կարծում, թե փոփոխության կենթարկվի Վրաստանի հետ համագործակցության հարցում մեր դիրքորոշումը։ Մենք վրացական կողմի հետ համագործակցում ենք անվտանգության ոլորտում և կենտրոնացած ենք գլխավորապես Վրաստանի ուժային կառույցների աշխատակիցների ուսուցման ու մարզման վրա։
Բացի այդ, Մենք Վրաստանի հետ համագործակցում ենք Աֆղանստանի հարցում։ Վրաստանը շատ մեծ ներդրում ունի այդտեղ՝ հաշվի առնելով Աֆղանստանում վրացական զինվորական կոնտինգենտի թվաքանակը։ Վրաստանի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է այդ ոլորտներում։
2012 թվականի Պենտագոնի բյուջեում ԱՄՆ պաշտպանական նոր ռազմավարության շրջանակներում նախատեսված չէ Վրաստանին հավելյալ սպառազինության մատակարարում։ Սպառազինության մատակարարման հարցում մենք Վրաստանի հետ վարվելու ենք նույն կերպ, ինչ որ մյուս երկրների պարագայում է։ Մենք շարունակելու ենք անվտանգության ոլորտում բոլոր ուղղություններով համագործակցել Վրաստանի հետ»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի կեսին ԱՄՆ Կոնգրեսը կողմ արտահայտվեց Վրաստանի հետ ռազմական համագործակցության խորացմանը, ինչի արդյունքում Վրաստանը պետք է ԱՄՆ-ից, հնարավոր է՝ նաև ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրներից, ստանար նոր սպառազինություն։











































