Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը առաջարկել է 2012-2013 թվականներին կրճատել թագավորական ընտանիքի անդամների ծախսերը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով թագավորական պալատի հայտարարությունը:
Թագավորական ընտանիքը հայտարարել է իր ծախսերը կրճատելու մասին այն բանից հետո, երբ «Նոր ֆլամանդական դաշինք» ազգային կուսակցությունը քննադատել էր թագավորական պալատը: Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում թագավորական ընտանիքը մտադիր չէ կրճատել իր ծախսերը:
Քննադատությունից հետո թագավորը հայտարարել էր տնտեսելու վերաբերյալ կառավարության կողմից առաջարկված որոշման հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: Մասնավորապես, նա մտադիր է հրաժարվել թագավորական ընտանիքի դոտացիայի ինդեքսավորումից, որը 2010 թվականին կազմել էր 11 միլիոն եվրո:
Ալբերտ Երկրորդը պլանավորում է դա իրագործել պալատի անշարժ գույքի վերանորոգման հաշվին: Օրենքի համաձայն՝ այդ աշխատանքներն իրականացվում են պետության հաշվին:








































