Ֆրանսիայում սկանդալ է հասունանում երկրի առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզիի բարեգործական հիմնադրամի գործունեության շուրջ: Ինչպես հաղորդում է Euronews-ը, հիմնադրամի գործունեության նպատակը ՁԻԱՀ-ի դեմ պայքարն է:
Կառլա Բրունիի գործունեության մասին սեփական հետաքննություն է անցկացրել ֆրանսիական Marianne ամսագիրը:
«ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը առաջին տիկնոջ խնդրանքով առանց տենդերի ապօրինի դուրս է գրել 3.5 մլն ԱՄՆ դոլար Կառլա Բրունի-Սարկոզիի ընկերներից մեկի մի քանի ընկերությունների համար»,- գրում է հոդվածի հեղինակը: Պարբերականը մասնավորապես նշում է երաժիշտ Ժուլիեն Սիվանժի անունը, որը եղել է Սարկոզի ամուսնական զույգի հարսանիքի վկան, և պարբերականի տվյալներով, Ֆրանսիայի առաջին տիկնոջ գլխավոր խորհրդականն է:
Իր հերթին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը հերքել է այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ պարբերականը խեղաթյուրում է փաստերը և սխալ տեղեկություն հաղորդում: Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ իրենք 2.8 մլն դոլար են հատկացրել Կառլա Բրունի-Սարկոզիի հիմնադրամի Born HIV Free («Առանց ՁԻԱՀ-ի ծնված») արշավի համար, որի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վրա: Նրանք նաև հայտնել են, որ պայմանագրերը ստորագրելիս օրենքի բոլոր նորմերը պահպանվել են:
Ելիսեյան պալատում իրադրությունը չեն մեկնաբանել:








































