Իսրայելն այսօր հայտարարել է, որ ցանցահենային հարձակումներին կպատասխանի այնպես, ինչպես կպատասխաներ ահաբեկչական գործողություններին:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Դենի Այալոնի հաղորդագրությունը արվեց այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի ցանցահենները համացանցում տեղադրել էին 6000 իսրայելական կրեդիտային քարտերի մանրամասներ:
Իր հաղորդագրության մեջ արտգործնախարարի տեղակալն ասել է՝ կարևոր է զգուշացնել բոլորին, ովքեր հարձակվում կամ փորձում են հարձակվել Իսրայելի վրա, ներառյալ ցանցահենային խմբերին: Ցանցահենները պետք է նախազգուշացվեն, որ վտանգում են իրենց կյանքը և հաստատ ոչ մի օգուտ չեն ունենա Իսրայելի դեմ հարձակումներից:
«Ցանցահենային հարձակումները հավասարազոր են ահաբեկչական գործողություններին, և մենք կարող ենք պատասխան հարված տալ բոլոր նրանց, ովքեր կփորձեն հարվածել մեզ»:
AFP-ն հաղորդում է, որ Այալոնը նաև ողջունել է ԱՄՆ հայտարարությունն այն մասին, որ ցանցահենային հարձակումները կդիտվեն որպես պատերազմի հայտարարություն, և որ իրենք կպատասխանեն այնպես, ինչպես կպատասխանեին հրթիռային հարձակման դեպքում:










































