Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ, վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի շրջապատը չի բացառում, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել արդեն գարնանը։
Վրացական «Ախալի Թաոբա» («Նոր սերունդ») թերթին տված հարցազրույցի ժամանակ Իվանիշվիլիի խորհրդական Իրակլի Սեսիաշվիլին նշել է. «Սաակաշվիլին փորձելու է դիպուկ հարվածներ հասցնել Բիձինա Իվանիշվիլիի թիմին, նրա իմիջին, համակիրներին ու ֆինանսներին։ Այդ ամենին զուգահեռ Սաակաշվիլին հետևելու է Իվանիշվիլիի թիմի, ինչպես նաև սեփական վարկանիշին։ Եթե Սաակաշվիլին տեսնի, որ բարձրանում է մեր թիմի վարկանիշը, ապա ելնելով դրանից՝ կարող է գարնանը նշանակել վաղաժամ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ամենին հետևելու համար Սաակաշվիլիին մնացել է երկու ամիս։ Հետագայում ուշ կլինի։
Չնայած Իվանիշվիլիի հանդեպ իրականացվող պետական տեռորին, միլիարդատիրոջ «Վրացական երազանք» շարժումը նոր բարձունքներ է նվաճում։ Վրաց հասարակության մի մեծ բանակ ժողովվում է Բիձինա Իվանիշվիլիի շուրջ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սահմանված ժամկետում՝ հոկտեմբերին։











































