2012 թվականի գերխնդիրը պետք է լինի արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանը:
«Արտահերթ նախագահական ընտրությունները պետք է լինեն, անկախ նրանից՝ դա կլինի մինչև խորհրդարանական հերթական ընտրությունները, թե ոչ: Միևնույն է՝ 2012 թվականի գերխնդիրը մնում է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Դա կլինի փողոցում, թե Ազգային ժողովում՝ դժվարանում եմ ասել, բայց այս պահի դրությամբ գերխնդիրը դա է:
Սա է թիվ մեկ խնդիրը, մնացած բոլոր խնդիրները՝ և քաղաքական, և տնտեսական, պայմանավորված են նրանով, թե որքանով օրինական ընտրված նախագահ կունենանք: Այդ պատճառով նախ՝ փորձում ենք մոբիլիզացնել հասարակությանը: ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանը կարող է հասարակությանը մոբիլիզացնելու լավագույն հնարավորությունն ընձեռել, և ինչու ոչ՝ մայիսին կայանալիք ԱԺ ընտրությունները կփորձենք վերածել արտահերթ նախագահական ընտրությունների»,- ամփոփեց Աշոտ Զաքարյանը:











































