Իշխանությունները հայտնում են, որ Ֆիլիպիններում այսօր վերսկսվել են փրկարարական աշխատանքները, որոնց շնորհիվ հույս ունեն գտնել սողանքի պատճառով անհայտ կորած 150 մարդու:
Ինչպես արդեն հաղորդել էինք, հինգշաբթի օրը Ֆիլիպինյան արշիպելագի Մինդանաո կղզում սողանքի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել: Նշենք՝ տեղի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ այդ տարածքը չափազանց վտանգավոր է ապրելու համար, սակայն այնտեղ բնակվողները ոսկու հանք գտնելու հույսով հրաժարվել էին լքել իրենց բնակավայրը:
Ինչպես հաղորդում է AFP-ն՝ տեղական ռազմական ուժերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Լինդեն Պանիցայի հայտարարության համաձայն, կամավորների խումբը նույնպես պատրաստվում է միանալ փրկարարական աշխատանքներն իրականացնող 140 զինվորներին և ոստիկաններին: Նրանք հույսը չեն կորցնում և կարծում են, թե դեռևս հնարավոր կլինի գտնել փլատակների տակ մնացած մարդկանց:










































