Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, որը քրդերի դեմ քիմիական զենք գործածելու համար հայտնի է «քիմիական Նեջդեթ» մականունով, հայտարարել է, որ իրենք իրենց օրակարգից վերացնելու են PKK (Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) անունը։
Նեջդեթը հավելել է. «Վերջին 6 ամիսներին Թուրքիայի զինված ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում վնասազերծվել է 327 PKK-ական։ Նրանցից 165-ը սպանվել են, 112-ը՝ գերի ընկել, 50-ը՝ ձերբակալվել։ Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում թուրքական ռազմաօդային ուժերն օպերացիաներ են անցկացրել Հյուսիսային Իրաքի տարածքում, որոնց արդյունքում ոչնչացվել է 325 և վիրավորվել 320 PKK-ական։
Ամեն անգամ, երբ PKK-ի ուժերը սպառվելու վրա են, նա հրադադարի մասին որոշում է ընդունում։ Ահաբեկչական գործունեության դադարեցմամբ՝ նրանք փորձում են թուլացնել իրենց վրա գործադրվող ճնշումը և ուժեր կուտակել։ Մենք մեր օրակարգից կջնջենք PKK անունը։
ԱՄՆ-ը շարունակում է այդ հարցում հետախուզական աջակցություն ցուցաբերել մեզ։ Ահաբեկչության դեմ պայքարի համար Ինջիրլիքի ռազմաբազայում տեղակայվել են ամերիկյան Predator տիպի 4 անօդաչու թռչող սարքեր, որոնք նախորդ տարվա նոյեմբերից սկսած թռիչքներ են իրականացնում դեպի Հյուսիսային Իրաք»։
Օզելը շոշափել է նաև Մալաթիայում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հարցը։ Օզելի խոսքերով՝ գործընթացն իրականացվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Այդ ռադարային կենտրոնի հրամանատարը լինելու է թուրք սպան, իսկ բազայում ծառայելու են նաև ամերիկացի զինվորականները։











































