ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆինանսների նախարար Թիմոթի Գայտներին հրամայել է հաջորդ շաբաթ մեկնել Պեկին՝ բացատրելու համար ԱՄՆ-ի դիրքորոշումն Իրանի նավթային հատվածի դեմ սահմանած պատժամիջոցների հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Գայտները հունվարի 10-ին և 11-ին հանդիպումներ է ունենալու Չինաստանի պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի և Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինի հետ։ Այդ հանդիպումներում Գայտները քննարկելու է Իրանի կառավարության նկատմամբ գործադրվող ճնշման և, մասնավորապես, նրա Կենտրոնական բանկի դեմ ուղղված ֆինանսական պատժամիջոցների հարցում տարածաշրջանում իր միջազգային գործընկերների հետ ԱՄՆ-ի կոորդինացիայի շարունակումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, ինչը քննադատության էր արժանացել Չինաստանի կողմից։ Այդ պատժամիջոցների արդյունքում Իրանի արժույթ ռիալը պատմական անկում էր ապրել՝ նվազելով միանգամից 12 տոկոսով։






































