ԱՄՆ Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքում ոստիկանները կրակել են դպրոցականի վրա: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ի առավոտյան:
Դասերը սկսվելուց հետո դպրոցի գլխավոր նախասրահում նկատվել է մի դեռահաս՝ զենքը ձեռքին: Ուսումնական հաստատության ղեկավարությունը ոստիկանություն է կանչել:
Քաղաքի ոստիկանության պետը մամուլի ասուլիսում հայտնել է, որ 15-ամյա Հայմե Գոնսալեսի մոտ եղել է պնևմատիկ ատրճանակ, որը արտաքինից շատ նման է եղել մարտական զենքի: Զենքը ցած գցելու մի քանի նախազգուշացումներից հետո ոստիկանները կրակել են նրա վրա: Ընդհանուր առմամբ, հնչել է 3 կրակոց, որից երկուսը դիպել են Գոնսալեսին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Դպրոցում այդ պահին եղել է շուրջ 750 աշակերտ: Նրանց ծնողերի խոսքերով՝ իրենց դեպքի մանրամասները չեն հաղորդել և խնդրել են երեխաներին տուն տանել:








































