Մարդկության ամենակարևոր հայտնագործություններից շատերն արվել են պատահաբար: Երեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյի գիտնականները հայտարարել են մի նոր անակնկալ հայտնագործության մասին, որը կարող է բացատրություն տալ այն հարցին, թե ինչու են մեղուները հեռանում իրենց փեթակներից:
Ինչպես հայտնում է Ջոն Հաֆերնիկը, գիտնականն աշխատում է ամեն վայրկյան, և նրա դիտարկումները երբեք չեն դադարում:
Երկու տարի առաջ՝ մի առավոտ գիտնականը նկատել է, որ մեղուներն ինչ-որ առեղծվածային իրավիճակում են:
Նա գիտեր, որ մեղուներն այդ ժամանակ պետք է լինեին փեթակներում` պաշտպանվելով ցրտից, բայց նրանք մնացել էին դրսում, և նրանցից շատերը մահացել էին: Այնուհետև մեկ շաբաթ շարունակ Հաֆերնիկն այլևս ուշադրություն չի դարձրել, թե ինչ է կատարվում, և ինչպես ինքն է ասում` գիտության մեջ կարևորը պատահականությունն է: Մեկ շաբաթ անց նա նորից սկսել է դիտարկումները և նկատել է օդում պտտվող ճանճերին: Հենց այդ ժամանակ նա հասկացել է, որ պատահաբար մեծ հայտնագործություն է արել:
Գիտնականը որոշել է իր աշակերտների հետ անցկացնել ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ ճանճերը, գտնելով մեղուներին, իրենց հատուկ վերջույթների միջոցով ձվեր են դնում մեղվի ներսում, որոնք վերածվում են որդերի: Հետազոտությունն անցկացնող խումբը հայտնում է, որ յուրաքանչյուր մեղվի ներսում լինում են 25 որդեր, որոնք ուտում են մեղվին հենց ներսից:
Հաֆերնիկն ասել է, որ, չնայած սա հարցի հստակ պատասխանը չէ, բայց հնարավոր է, որ հենց սա լինի մեղուների համայնքների վերացման պատճառը:







































