Ամանորյա տոներին ամենաշատը սպառվում են միսը և խմիչքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` ներկայացնելով այն սննդամթերքի ցանկը, որոնք ամենապահանջված են հայկական շուկայում ամանորյա տոներին: Ըստ նրա` ամենաշատը հայ սպառողների շրջանում պահանջված է յուղոտ միսը և խմիչքը, մասնավորապես՝ օղին: Նա անհասկանալի է համարում հայ տղամարդկանց կողմից օղու օգտագործումը Ամանորին:
«Մեր ավանդույթի մեջ օղի չի եղել, ավելի քիչ են օգտագործել ոգելից խմիչքներ: Խնջույքի ժամանակ պետք է լինեն մեր ավանդույթմները. երգերը, բանաստեղծություններ, ուրախ տրամադրություն հարազատների, բարեկամների և երեխաների շրջապատում»,- նշեց Ա. Պողոսյանը` հավելելով, որ հայկական ավանդույթը ուրախ տրամադրությունն է ամանորյա տոներին: Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահը շեշտեց, որ սնունդը նպատակ չէ, և չպետք է չարաշահել ուտելիքը:
Արմեն Պողոսյանը խորհուրդ տվեց օգտագործել հատկապես աղցաններ, որոնց բաղադրիչները բանջարեղեն են: Նա նաև ասաց, որ պետք է ուտել քիչ-քիչ: «Հատկապես ուզում եմ շեշտել` յուղոտ միսը վնասակար է: Բժիշկները խորհուրդ են տալիս միս ուտել, բայց անպայման դանակով կտրել յուղային շերտերը»,- ամփոփեց Սպառողների միության նախագահը և խորհուրդ տվեց քիչ օգտագործել այդքան պահանջված յուղոտ միսն ու օղին: