Հայաստանյան հասարակությունը պասիվ դերակատարում ունի ոչ միայն քաղաքական, այլև կյանքի այլ բնագավառներում: «Առաջին լրատվական»-ի` հասարակական կարծիքն ի՞նչ դերակատարում կունենա ընտրությունների ժամանակ` հասարակական ձայնը լսելի կլինի՞, թե՞ կխլանա հարցին ի պատասխան, ասաց սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
Սոցիոլոգի կարծիքով` մարդիկ սովոր են հանդուրժել իրենց իրավունքների մշտական խախտումները հանրային բոլոր վայրերում` տրանսպորտում (հանրային տրանսպորտի վատ աշխատանք, ծխող և կոպտող վարորդներ, երթուղային տաքսիների վթարային վիճակ), խանութներում (անորակ և մշտապես թանկացող սննդամթերք, ժամկետանց ապրանքներ) և այլն: «Քաղաքականությունը` որպես հանրային ոլորտ, չի կարող բացառություն լինել: Մեր հասարակությունը սովոր է հանդուրժել և չպահանջել` վերաբերվելով իրենց հանդեպ խախտումներին «ըմբռնումով»`«Մի բուռ ազգ ենք»»:
Սոցիոլոգի համոզմամբ, գալիք տարում հասարակությունն իր ակտիվ քաղաքական մասնակցությունը կցուցադրի միայն առանձին սոցիալական խմբերի և խավերի մակարդակով, այն էլ` մասամբ, սակայն, գալիք տարում սպասվող քաղաքական իրադարձությունների նախաշեմին մեր պետությունում գործող ակտիվ քաղաքական ուժերին անհրաժեշտ է դասեր քաղել այս տարի Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի իրավիճակից, որի նմանը մեր պետության անվտանգության առումով ցանկալի չէ:
«Հայաստանի անվտանգության և զարգացման հիմնական շանսն ու գրավականը համահասարակական համերաշխությունն է ու յուրաքանչյուր քաղաքացու համար հավասար իրավունքներն ու պարտականությունները երաշխավորող գործուն համակարգը, որի ձևավորման հնարավորությունը կախված է նաև գալիք տարվա քաղաքական իրադարձություններից»,- ընդգծեց սոցիոլոգը:











































