2011 թվականը Հայաստանի համար բավական հագեցած տարի էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը:
«Այս տարի մենք տոնեցինք մեր երկրի անկախության 20-ամյակը: Սա ինչ-որ իմաստով հաշվետվություն էր մեր ժողովրդին, թե անկախության տարիներին ինչ ձեռքբերումներ ունեցանք: Բացի այդ, անցնող տարին հագեցած էր որպես նախընտրական տարի, երբ քաղաքական ուժերը սկսեցին ավելի ակտիվ գործել: Սա, իհարկե, ՀՅԴ-ին չի վերաբերում, քանի որ մենք ակտիվ ենք ոչ միայն նախընտրական շրջանում, այլ նաև մնացած ամբողջ ընթացքում»,- նկատեց նա:
Անդրադառնալով այս տարվա ընթացքում իշխանությունների իրականացրած արտաքին քաղաքականությանը` Ռուզան Առաքելյանը նշեց. «Հիմնական ձեռքբերումն այն էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հետընթաց չունեցանք: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների հարցին, ապա թեև առաջընթաց չգրանցվեց, սակայն գործընթացն, այնուամենայնիվ, ձեռնարկվեց»:
Ներքաղաքական կյանքի մասին խոսելիս էլ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ ամենակարևորն այս դաշտում ընտրություններին նախապատրաստվելու գործընթացներն էին:







































