Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի համար նախորդ տարին հագեցած էր: Նա հասցրել է գրել յոթ պիես, կինոսցենար և պատմվածք: Տարին նրա համար բարեհաջող էր, քանզի իր ստեղծագործություններում ասել է իր խոսքը: Դրամատուրգը բուռն ստեղծագործական տարի է ակնկալում նաև 2012 թվականից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա իր ամանորյա բարեմաղթանքը հղեց բոլորին` ասելով, որ ցանկանում է հավատալ, թե մայիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արժանապատիվ: Դա նշանակում է, որ մենք պետք է մեր ձայնի, խոսքի, իրավունքի տերը լինելու պատասխանատվություն զգանք:
«Խաղաղություն իմ երկրին, խաղաղություն յուրաքանչյուրի ընտանիքին: Երբ ամեն մեկի տանը խաղաղություն է և բարօրություն, նաև երկիրն է խաղաղ և բարվոք: Այսօր հեռու ենք այդ վիճակից: Այս օրերին, երբ նույնիսկ հասուն մարդիկ են հավատում, որ հրաշք հնարավոր է, ապա ես ինչպե՞ս չհավատամ, որ այսօր կամ վաղը իմ երկրում ես պիտի կարողանամ տեսնել և ապրել իմ երկրի լավ օրը»,- մաղթեց Կ. Խոդիկյանը` ընդգծելով, որ հավատում է` այդ օրը չափազանց հեռու չէ:
Անդրադառնալով այս օրերին չափազանց ակտուալ դարձած մայաների օրացույցին` կատակով նշեց, որ մայիսին մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ են, գուցե մայաները հենց դա են նկատի ունեցել` գալիք տարում կանխագուշակելով աշխարհի վերջը: Կարինե Խոդիկյանը նաև լսել է, որ մայաների օրացույցում փոփոխություններ են եղել: Ուստի հավատում է, որ խորհրդարանական ընտրություններն անաչառ կանցնեն:







































